Հասարակություն 

Սան Խոսեի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանը Հայաստանում է

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Սան Խոսե (Սիլիկոնյան հովտի մայրաքաղաք) պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին:

Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության երեք աստիճաններում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները և այս համատեքստում կարևորել միջազգային փորձի ուսումնասիրությունը: Նրա խոսքով՝ բարեփոխումների փուլում անչափ կարևոր են Մերի Փափազյանի նման մեծ ավանդ ունեցող մասնագետների կառավարման և մասնագիտական փորձն ու գիտելիքները:

Անդրադառնալով բուհական ոլորտի հիմնախնդիրներին և դրանց ուղղությամբ նոր իշխանությունների քաղաքականությանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ներկայումս մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ փոփոխությունների, նաև ներկայացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական օրենսդրական կարգավորումները: Նրա բնորոշմամբ՝ թեպետ նախորդ իշխանությունների մշակած վերոնշյալ օրենքի նախագիծն առաջին հայացքից որոշակի առաջընթաց էր, այդուհանդերձ այն ակադեմիական ազատությունների տեսանկյունից որոշակի սահմանափակումներ ուներ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում բուհերի խոշորացման և միավորման ուղղությամբ, որի համատեքստում կարևորվելու է նաև հետազոտական ինստիտուտների և բուհերի համագործակցությունը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի բուհերի միջազգայնացման և կրթական բրենդի ձևավորման ուղղությամբ, քանի որ, ըստ նախարարի, Հայաստանի բուհերը բավարար գործիքակազմ չեն օգտագործում իրենց ներուժն աշխարհին ներկայացնելու համար:

Դրան զուգահեռ Արայիկ Հարությունյանը կարևորել է հանրակրթությունում և բուհական համակարգում օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման գործընթացը: Անդրադարձ կատարելով  պետական ֆինանսական միջոցների նպատակային կառավարմանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Արձանագրենք, որ պետական բյուջեի կրթության ոլորտին հատկացվող ներկա ֆինանսավորման և առկա գործիքների պայմաններում ևս արդյունավետ աշխատանքի դեպքում կարող ենք լավ արդյունքներ գրանցել»:

Ներկայացնելով ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները՝՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախանշվող փոփոխություններն արմատապես կփոխեն գործող համակարգը: Այս համատեքստում Ա.Հարությունյանը կարևորել է Սան Խոսեի համալսարանի փորձն ու  աջակցությունը:

Իր հերթին Մերի Փափազյանը գնահատել է Հայաստանի կրթության համակարգի բարեփոխումներին միտված նոր իշխանությունների ջանքերը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերել  ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական ծրագրերի,  կրթակարգի վերամշակման և այլ  գործընթացներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գիտակրթական ոլորտին վերաբերող այլ հարցերի:

Նույն շարքից