Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ վաչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի սահմանն Իրանի հետ, որոնք բաց են, իրականում կիսաբաց են: Վարչապետի թեկնածուի պնդմամբ, հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով:
Analitik.am-ն այս թեմայի հետ կապված մեկնաբանություն վերցրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանից, ով ասաց, որ Արցախը որևէ առևտուր չի անում իրանական սահմանի հետ. «Չեմ կարծում, որ կփակվի սահմանը, ընդհանրապես Փաշինյանն իր ելույթում մի շարք կարևոր բաներ է հնչեցրել, դա կարող եմ ասել՝ առ այն, որ նա չի դիտարկում տարածքներ՝ կարգավիճակի դիմաց բանաձևը և այն չի ընդունում: Խոսեց նաև ջրային պաշարների կարևորության մասին, իհարկե, նա խոսեց ՀՀ-ի տնտեսության համար, բայց ողջունելի է այն, որ ջրային պաշարներին այդպիսի ռազմավարական նշանակություն են հատկացնում, քանի որ դրանք անմիջապես առնչվում են Արցախի ու մեր անվտանգության հետ, որովհետև Սևանի ապագան կախված է Քարվաճառից, որտեղից սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը և չեն թողնում, որ այն չորանա:
Եթե ահաբեկիչ հակառակորդը, ինչպիսին Ադրբեջանն է, այդ տարածքների նկատմամբ երբևիցե վերահսկողություն հաստատի, դա կլինի սարսափելի հարված և կարող է ցեղասպանություն իրականացնել ամբողջ Հայաստանի և Արցախի նկատմամբ»: