Քաղաքականություն 

Մի՛ ստեք ժողովրդին. Վարդան Օսկանյանը

analitik.am

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի՝ ԱԺ ներկայացված վավերացման քննարկմանը խնդրեց չստել և անկեղծ լինել ժողովրդի առաջ և պնդեց, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքը կատարվել է գաղտնի։

 

Դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ ԲՀԿ պատգամավորը հիշեցրեց. «Մենք տարիներով միասին աշխատել ենք որպես նախարար և նման բարդ իրավիճակներում եղել ենք: Բայց որպես պետական գործիչ, ինձ համար սկզբունք է եղել, որ մենք երբեք չենք դավաճանելու: Այն, որ հնարավոր է իրականությունը չասել, այո, բայց երբեք պետք չէ ստել ու չենք ստել: Եվ հիմա էլ ուզում եմ հավատալ, որ այսօր էլ դա չի արվում»:

 

Ըստ Օսկանյանի՝ պետք է անկեղծ լինել ոչ միայն ԱԺ-ի, պատգամավորների, այլև ժողովրդի հետ:

 

«Ես ինքս որպես քաղաքացի խաբված եմ զգում: Ինչի՞, որովհետև դուք անձամբ այս ամբիոնում բազմիցս կանգնած եք եղել ու բազմիցս հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը չի բարձրացրել: Ես կարող եմ թվականներով ասել, Ձեր խոսքերը հիշեցնել, որ դուք բազմիս ասել եք՝ գազի գինը չի թանկանա: Ակնհայտ է, որ տարիների ընթացքում Հայաստանը պարտք է կուտակել՝ երեք հարյուր մլն դոլարի: Փաստ է, որ պարտք ենք կուտակել ու գիտենք, որ ԱԺ-ն պետք է հավանություն տար նման պարտքի կուտակմանը, որը մենք չենք արել՝ դուք չեք եկել, չեք ներկայացրել, հավանությունը չունեք: Երբ Ձեզ կոնկրետ հարցրեր են տրվել, դուք հերքել եք ուղղակի: Դուք եկել եք ու ուզում եք, որ ԱԺ-ն վավերացնի սա, ուզում եք, որ մենք մասնակից դառնանք այս գործարքին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

 

Ի պատասխան Արմեն Մովսիսյանն ասաց, թե ինքը երբեք չի ասել, որ գազի գինը չի թանկանալու: «Ես ասել եմ, որ բանակցություններ են գնում Ռուսաստանի հետ՝ վերջական հարաբերությունները ճշտելու համար. ուրիշ բան ես երբեք չեմ ասել: Հիմա էլ ասում եմ՝ այն ժամանակ խնդիրը դրվեց, որ պետք է բարձրանա՝ թե ինչքան, ինչ ձևով՝ որևէ բան պարզ չէր: Դրա համար իրականացնում ենք գազի սպառումն այն գնով, որով եղել է, մինչև վերջնական համաձայնության կգանք: Հիմա ավարտվել են բանակցությունները, ներկայացրել ենք: Մինչ այդ չի եղել՝ թաքցնելն իմաստ չուներ»,- վստահեցրեց նախարարը:

 

«Դա չէր կարող հասցնել կուտակվել: Եթե հավատանք Ձեր ասածին, որ բանակցություններն ավարտվել են, հետո եք... Դա մեկ ամսվա, մեկ շաբաթվա մեջ չէր կարող կուտակվել: Ձեր համաձայնությունը փաստորեն եղել է, չէ՞, որ պարտք ենք կուտակել....»,- հարցրեց պատգամավորը:

 

Նախարարը պատասխանեց, թե գազի պարտքը կուտակվել է 2011 թ-ից:

Նույն շարքից