Քաղաքականություն 

Մենք է՛լ ինչո՞վ ենք վճարելու, էլ օբյեկտ մնա՞ց. Գագիկ Ջհանգիրյան

analitik.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ շեշտեց, որ Հայաստանն իր բոլոր ընկերությունները վաճառել է, մնացել է միայն երկիրը վաճառի: Նա դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, հարցրեց, թե նոր արտաքին պարտքի կուտակման դեպքում Կառավարությունն ինչով է վճարելու։

«Մենք է՛լ ինչո՞վ ենք վճարելու, էլ օբյեկտ մնա՞ց, էսպես վաճառելով, որ գնում ենք, վերջը ո՞ւր ենք հասնելու»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ իրավական առումով այստեղ, գուցե, խնդիր կա, և որ բանակցությունները սկսելիս իրենք մտադրություն չեն ունեցել 20%-ն անպայման վաճառել և ինչ-որ պարտք փակել, այդ որոշումը բանակցությունների ընթացքում է առաջացել: «Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ է՛լ ի՞նչ ենք ծախելու, իմ կարծիքով նոր պարտք չպետք է առաջացնել, որ մտածենք, թե ինչ ենք ծախելու»,- ասաց նա:

Ջհանգիրյանը նշեց, թե հաջորդն արդեն մնացած պարտքի դիմաց կլինի Որոտանի հանձնումը , որի շուրջ արդեն կան խոսակցություններ, ինչն էլ ենթադրում է, որ էներգետիկ համակարգում այլևս վաճառելու բան չկա։

«Էս Կառավարությունը ոչ թե պիտի սովորական ծրագիր, բյուջե ներկայացնի, այլ փրկության ծրագիր, որովհետև սենց գնալով մենք վաճառելու ենք մեր պետությունը»,- ասաց նա:

Նախարարը պատասխանեց, որ իրենք որևէ խնդիր, պարտավորություն չունեն, իսկ Որոտանը չի կարող ուղղակի լինել այդ գործարքի հետ կապված ինչ-որ սուբյեկտ:

 

 

Նույն շարքից