Քաղաքականություն 

Համոզված եմ՝ առաջնորդվում ենք պետական շահով, իսկ այն պահանջում է մտածել նաև ապագա սերունդների մասին. Շարմազանով

analitik.am

ԱԺ արտահերթ նիստում «գազային» համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե մի քանի ժամ է՝ խորհրդարանում քննարկվում է այս հարցը և բնական է, որ քննարկումները պետք է բուռն լինեին, որոշ դեպքերում զգացմունքային: Սակայն, ըստ նրա, բացի առարկայական, առողջ քննարկումներից ու քննադատություններից կան դեպքեր, որոնք հիշեցնում են «ռուսական վեչե, որտեղ ճշմարիտը նա է, ով ավելի բարձր է խոսում, ոչ թե նա, ով եղելությունն է ներկայացնում»։

 

«Բացի կառուցողական քննադատություններից հնչեցին նաև կառավարության ու իշխանության հասցեին տարբեր մեղադրանքներ, պետական դավաճանությունից մինչև քրեական հետապնդում, նույնիսկ զուգահեռներ անցկացվեցին Կարսի պայմանագրի հետ: Նման տրամաբանությամբ որ մենք գնանք, գուցե հղում արվի Բաթումի պայմանագրին, Ալեքսանդրապոլի պայմանագրին ու այդպես հասնենք Արտաշատի պայմանագրին, որը կնքվել էր Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև: Կարծում եմ՝ սա լուրջ չէ»,-ասաց նա։

 

ԱԺ փոխնախագահը հղում անելով ՍԴ-ի որոշմանը՝ նշեց, որ մեղադրանքներն ու գնահատականները տեղին չեն։

 

«Կա ՍԴ-ի որոշումը, և իրավական պետությունում ՍԴ-ի որոշումները մեկնաբանության ենթակա չեն, սա է փաստը, այլ ճանապարհ չկա»,-ասաց նա:

 

Էդուարդ Շարմազանովը զարմանք հայտնեց, որ քննադատում են՝ հաշվի չառելով, որ գազի գինը 270 դոլարից իջեցվել է 189 դոլար։ «Լա՞վ է, թե՞ վատ, որ գազի գինը 270 դոլարից իջավ 189 դոլար, իսկ դրա այլընտրանքը 500, միգուցե 600՞ դոլարն է: Խոսում են իմ հարգարժան գործընկերները կապիտուլյացիայից, ո՞րն է կապիտուլյացիան, որ 189 դոլարով սահմանին Հայաստանը ստանում է գազ, թե՞ որ ունենայինք 300 միլիոն դոլար շալակած պարտք և 500 դոլարով Հայաստանին վաճառեին գազ: Կապիտուլյացիան ո՞րն է, որոշեք ինքներդ: Ես կարծում եմ, որ մենք պետք է որոշում կայացնելիս առաջին հերթին հաշվի առնենք մեր յուրաքանչյուր քաղաքացու և ոչ թե այսօրվա, այլ սերունդների շահը: Բոլորս այստեղ, համոզված եմ, առաջնորդվում ենք պետական շահով, իսկ այն պահանջում է մտածել ոչ թե միայն վաղվա, կամ մեկ օր հետո ընտրությունների մասին, կամ նախորդ ընտրությունների մասին, այլ ապագա սերունդների մասին: Իսկ ապագա սերունդների և մեր պետության շահը պահանջում է, որպեսզի մենք վավերացնենք այս պայմանագիրը»,-ասաց նա։

 

Վերջում նա նշեց. «Խոսեցին այստեղ ընտրությունների մասին, որևէ մեկը որևէ մեկի ձեռքը չէր բռնում, որպեսզի մասնակցեիք նախագահական ընտրություններին»:

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը և ևս 2 համաձայնագրեր, որոնք պետք է վավերացվեին:

 

Նույն շարքից