Գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և նաև դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգի մասին։
-Ներկայումս արդեն իսկ ընթանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը։ Ինչպե՞ս է այն իրականացվում։
-ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) կողմից՝ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) ներկայացմամբ, երեք տարի ժամկետով, այբբենական կարգով: Գլխավոր քարտուղարի փոփոխման ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են դեռևս այս տարվա ամռանը Հայաստանի կողմից:
-Ո՞ր երկրներն իրավունք ունեն դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու համար։ Ի՞նչ հիմքերով կարող են փոխարինել նրան։
-ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրը, սակայն ՀԱՊԿ շրջանակում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:
-Տվյալ երկիրը, որն առաջադրել է գլխավոր քարտուղարին, կարո՞ղ է, արդյոք, ետ կանչել նրան։
-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անդամ պետություններից յուրաքանչյուրը: Հետ կանչել գլխավոր քարտուղարին հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Դավիթ Վիրաբյանն է:
Լիլիթ Դեմուրյան