ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը հնարավոր է փոխել միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ: Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է բանակցային սեղանին Արցախի ներկայությունը:
«Սա այն հարցն է, որը պետք է որոշեն հակամարտության կողմերը: Բնականաբար մենք ելնում ենք նրանից, որ Երևանը բանակցություններում իր դիրքորոշումը հայտնելիս նկատի է ունենում Ղարաբաղի մոտեցումները: Սակայն գոյություն ունեցող ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը: Մեր տեղեկություններով, նման համաձայնություն չկա»,-ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, թե Մոսկվան ողջունում է պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի միջև` հավելելով, որ համանախագահներն այցելում են տարածաշրջան, հանդիպումներ են ունենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. «Նման շփումները կարևոր են, որպեսզի հնարավոր լինելու դեպքում միանգամից լրջորեն զբաղվել կարգավորման հետ կապված հարցերով»: