Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, խոսելով «Հետք» պարբերականում լույս տեսած հոդվածի մասին, հայտարարել է, որ ծրագրին իրենց ընկերությունը դիմել է փետրվարին, բոլոր գործընթացները հիմնականում տեղի են ունեցել մինչև հեղափոխությունը. «Եթե չեմ սխալվում, 10 փուլերից 9 փուլը տեղի է ունեցել մինչև հեղափոխությունը, իսկ վերջին փուլը՝ այն ժամանակ, երբ ես նշանակվել էի փոխվարչապետ: Ես ուզում եմ տեղեկացնել, որ ընկերությունը, որն ինձ հետ փոխկապակցված է, բավականին լայն սպեկտրով մի քանի ոլորտներում գործունեություն է իրականացրել, իսկ սա ծրագրերից մեկն է: Ամբողջական գործընթացը մեր գրասենյակը ներկայացրել է, ես կարծում եմ, որ իրականությունն իմացող մարդիկ կարող են ծանոթանալ դրան և տեսնել, որ շահերի բախման հարց չի կարող լինել:
Այնուամենայնիվ ես կցանկանայի անդրադառնալ վերջին շրջանում լրատվական դաշտում մեդիառումբերի առկայությանը, դրանք լինում են երեք տեսակի՝ բացահայտ սուտ, ինֆորմացիայի խեղաթյուրում և ինֆորմացիայի ընտրողական մատուցում, որպեսզի որոշակի տպավորություն ստեղծվի: Ես ողջունում եմ ստուգումներ իրականացնելը, որովհետև թափանցիկությունն ամենակարևորն է: Մյուս կողմից ցանկանում եմ նշել, որ նմանատիպ պրոցեսները պետական պաշտոնյաներին առհասարակ զգոն կպահեն։ Սա բացասական պրոցես չէ, դրանով մի քանի խնդիր կստեղծվի: Նախ այն, որ պաշտոնյաները զգոն և զգույշ կլինեն, որովհետև բոլորը պետք է հասկանան իրենց գործողությունների՝ մանրադիտակի տակ լինելը: Երկրորդը՝ ես կարծում եմ, որ լրատվական դաշտում դեռևս նախորդ կառավարությունից ժառանգած որոշակի մշակույթ է գործել և այն բարքերը, որոնք եղել են քաղաքական դաշտում, եղել են նաև մեդիադաշտում: Ես չեմ բացառում, որ այդ կոռուպցիան մեդիադաշտում որոշակիորեն շարունակվում է»,-ասել է Ավինյանը:
Հարցին, թե կասկածներ ունի արդյոք, որ վերոնշյալը պատվիրված նյութ է, Ավինյանը նշեց, որ վերջին շրջանում տարատեսակ նյութեր են տպագրվել իր մասին, տարբեր պաշտոնյաների մասին. «Ես ունեմ որոշակի հիմնավոր կասկածներ, որ այդ նյութերի մի մասը կարող են նաև լինել պատվիրված: Իմ կարծիքով դրանք թիմի ներսից չեն, բայց հավանական է, որ նմանատիպ թեմաներ զարգացնողները լինեն համակարգից: Այդ հարցին կարելի է անդրադառնալ կոնկրետ փաստերի դեպքում»: