Քաղաքական 

Թուրքիայում Էրդողանի քաղաքական կարիերան հարցականի տակ է

Անցած շաբաթ Թուրքիայում սկիզբ առած կոռուպցիոն սկանդալը, որի հետևանքով նաև նախարարների որդիներ էին ձերբակալվել, ազդել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակության վրա, և սա 2014-ի ընտրություններից առաջ պայքարի սրում է Թուրքիայում, արձանագրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

 

2014-ին Թուրքիայում կկայանան նախ տեղական ինքնակառավարման մարմինների, ապա՝ խորհրդարանական և  առաջին անմիջական նախագահական ընտրությունները:

 

Կոռուպցիոն սկանդալը, որում ներառված է վարչապետ Էրդողանի մերձավոր շրջապատը, նաև ազգային արժույթի անկման պատճառ է դարձել. լիրան ռեկորդային անկում է գրանցել:

 

Առայժմ Էրդողանը կատարվածի համար մեղադրել է օտարերկրյա դեսպաններին` սպառնալով արտաքսել նրանց: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter-ում հայտնել է, որ առնչություն չունի այդ գործողությանը և բարեկամական հարաբերությունների է ձգտում Անկարայի հետ:

 

Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրականացրել էր «Մեծ կաշառք» գործողությունը: Անկարայում և Ստամբուլում 90 մարդ էր ձերբակալվել: Շաբաթ օրը դատարան էր կանչվել 66 մարդ, որոնց մի մասը հարցաքննությունից հետո բաց էր թողնվել:

 

Կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել 24 պաշտոնյայի, որոնց թվում են Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմար Գյուլերի որդի Բարըշ Գյուլերը և էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդի Քայան Չաղլայանը:

 

Գլխավոր դատախազությունը գործեր է հարուցել նաև այդ նախարարների դեմ` խորհրդարանին խնդրելով զրկել նրանց անձեռնմխելիությունից:

 

Հայտնի է, որ կասկածյալներին հետևել են 2 տարի: Նրանք մեղադրվում են կաշառակերության, ոսկու մաքսանենգ վաճառքի, փողի լվացման համար:

 

Այս մակարդակի կոռուպցիոն սկանդալ Թուրքիայում արձանագրվում է Էրդողանի 11-ամյա կառավարման ընթացքում առաջին անգամ: Եվ սա առաջին դեպքն է, երբ տհաճ վիճակում է վարչապետի մերձավոր շրջապատը: Ըստ թուրքական մամուլի` բացահայտումների թիկունքում կանգնած է թուրք միլիարդատեր Ֆեթհուլլահ Գյուլենը, որը բնակվում է ԱՄՆ-ում և Էրդողանի նախկին դաշնակիցն է եղել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունում: Գյուլենի կողմնակիցները բարձր պաշտոններ են զբաղեցնում ոստիկանությունում և դատական համակարգում:

 

Էրդողանի և Գյուլենի միջև ծագած կոնֆլիկտը սրվել էր նոյեմբերին, երբ վարչապետը ցանկություն էր հայտնել փակել Գյուլենին պատկանող «Հիզմեթ» հիմնադրամին պատկանող դպրոցները:

 

Hurriyet-ը հայտնում է, որ Էրդողանն ու Գյուլենը շատ նման են միմյանց, երկուսն էլ նեոօսմանական վերածննդի ջատագովներ են:

Վերլուծաբանները գտնում են, որ Էրդողանի հետ ընդհարված Գյուլենը նախագահական ընտրություններից կես տարի առաջ փորձում է խարխլել նրա դիրքերը, ով ցանկանում է զբաղեցնել այդ պաշտոնը:

Գյուլենի իրավաբանը հայտնել է, որ նա ոչ առնչություն ունի գործին, ոչ էլ հետաքրքրություն դրանում:

 

Էրդողանը կատարվածը որակել է «շատ կեղտոտ գործողություն», որը նախաձեռնել է ընդդիմությունը, խոստացել «մերժել կեղտոտ խաղը, ինչպես դա արդեն արվել է Գեզիում»։ Իբրև հակակոռուպցիոն փաստարկ՝ նա նշել է, որ ազգային եկամուտը 230 մլրդ դոլարից իր իշխանության օրոք հասել է 800 մլրդ-ի, ինչը չէր կարող լինել կոռուպցիայի առկայության դեպքում:

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտնել է, որ խայտառակությունն այն է, որ կոռումպացված նախարարներն իրենց պաշտոններին են:

 

Radikal-ի տվյալներով՝ Էրդողանը, այնուամենանիվ, զտումներ է սկսել նախարարների կաբինետում։ Նրա շրջապատում հասկանում են, որ եթե հրաժարվեն հետաքննությունից, ապա երբեք չեն ձերբազատվի կուսակցության կոռումպացվածության մեղադրանքից, իսկ դա արդեն իշխող կուսակցության հեղինակության հարցն է, որը հարվածի տակ է:
 

Նույն շարքից