Ճապոնիայի կառավարությունը 2014թ. ֆինանսական տարվա համար ռեկորդային բյուջե է ներկայացրել, հայտնում է rosbalt.ru-ն։
Վարչապետ Սինձո Աբեն որոշել է ավելացնել սոցիալական ապահովության և պաշտպանության ծախսերը։
«Բյուջեն հաստատվել է 95.88 տրլն յենի չափով»,- հայտնել է երկրի ֆինանսների նախարար Տարո Ասոն։
Աբեի կառավարությունը փորձում է երկիրը դուրս բերել երկարատև դեֆլյացիայից և հաղթահարել ծերացող բնակչության ապահովմանն ուղղված ծախսերի աճը։ Բացի այդ, վարչապետը պետք է կրճատի պարտքային ծանրաբեռնվածության աճը, որն արդեն իսկ կրկնակի գերազանցում է երկրի ՀՆԱ-ն։
Նախարարների կաբինետն արդեն պարտավորվել է կրկնակի կրճատել բյուջեի դեֆիցիտը մինչ 2015թ.։
«Իշխանությունները պետք է ցույց տան, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում բյուջետային հարցերում, սակայն բյուջեն այնքան էլ չի համապատասխանում այդ խնդիրներին»,- կարծում է Itochu Corp.ընկերության գլխավոր տնտեսագետ Եսիմասա Մարույաման։