Վերլուծական Քաղաքականություն 

Եթե հայ-իրանական սահմանը փակվի, Հայաստանը «կխեղդվի». Մովսես Քեշիշյանը` Փաշինյանի հայտարարության մասին. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Եթե նույնիսկ Հայաստանը հայտարարի հայ-իրանական սահմանը փակելու մասին, Հայաստանին կկանգնեցնի լուրջ մարտահրավերների առջև այն դեպքում, երբ առանց այն էլ վատ վիճակ է տիրում տարածաշրջանում Հայաստանի համար: Եթե սահմանը փակվի, ինչպե՞ս է շնչելու Հայաստանը, Հայաստանը «կխեղդվի»: Պետությունը՝ մոռանալով իր շահերի մասին, այլ երկրների շահերի մասին չպետք է մտածի: Սահմանի փակումը կարող է վնաս հասցնել Հայաստանին, քանի որ դրանից հետո կողմերի միջև հաշտության, կայունության հասնելը, քաղաքական հարաբերությունները կարգավորելը դժվար կլինի, դա նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում, նոր մարտահրավերներ կստեղծի, նույնիսկ փակ աչքերով կարող ենք տեսնել»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին:

Իր հերթին՝ ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասել է, թե չի հավատում, որ նման սցենար հնարավոր լինի, կամ հայկական կողմը գնա նման քայլի: Սակայն, նրա խոսքով, գուցե այդ հայտարարությունն ունի հասցեատեր՝ հաշվի առնելով գիտակցումը, թե ինչ է Միացյալ Նահանգներն ակնկալում ընդհանրապես այս տարածաշրջանից և Հայաստանից Իրանի ուղղությամբ:

«Ներկայիս դրությամբ մենք տեսնում ենք, որ հայտարարություններով ՀՀ վարչապետը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը բացարձակ ինքնիշխան է, որոշումներ է կայացնում՝ անկախ բոլոր գերտերություններից, սակայն ժամանակ առ ժամանակ նաև նման քայլերի մասին խոսակցություններ են ծավալվում, որոնք կարող են դիտարկվել՝ որպես այս կամ այն երկրին հաճո քայլ: Բայց դրա իրատեսականությանը հավատալը բարդ է, քանի որ Հայաստանն արդեն իսկ շրջափակման մեջ է և մշտապես փորձել է իր երկու հարևանների հետ դրական հարաբերությունների հունը պահել»,- ասել է նա»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից