Կովկասցի հանցագործները հզոր ցանց են ստեղծել Գերմանիայում: Այս մասին ասված է Der Spiegel-ի հոդվածում, որը հրապարակվել է նոյեմբերի 2-ին: 3 տարի շարունակ իրավապահները փորձում են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, սակայն ամեն ինչ ապարդյուն է անցնում: Օպերացիաների շարքը, որը կրում է Fight against thieves in law (Պայքար օրենքով գողերի դեմ ), իրականացվում է մի քանի կառույցների մասնակցությամբ: Պարբերականը գրում է, որ այս օպերացիները Գերմանիայի պատմության մեջ ամենախոշոր օպերացիաներից են:
Վերոնշյալ օպերացիները սկսվել են 2014 թվականից, երբ Էրֆուրտում փոխհրաձգություն տեղի ունեցավ երկու խմբավորումների միջև: Այն ժամանակ 14 քրեական գործ է հարուցվել 42 մարդու նկատմամբ, որոնք կասկածվում են ֆինանսական խարդախությունների մեջ: Պարբերականը, հղում անելով BKA-ի փորձագետներին, գրում է, որ Գերմանիայում ուժեղ հայկական մաֆիա կա, որը ռուս-եվրասիական հանցավոր շրջանակների հետ տիրապետում է լուրջ ֆինանսական ռեսուրսների և կարող է սպառնալիք հանդիսանալ իրավական պետության հիմքերին: Միևնույն ժամանակ նշվում է, որ դեռ որևէ հիմնավոր ապացույց չկա, որպեսզի հնարավոր լինի մեղադրանք առաջադրել:
Հանցավոր աշխարհի հետ կապված խնդրով սկսել են զբաղվել նաև դիվանագետները: Der Spiegel-ը և MDR-ը պնդում են, որ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր օգնությունն է առաջարկել հայկական մաֆիայի դեմ պայքարում: Սակայն BKA-ն խորհուրդ է տվել չհամաձայնվել, քանի որ չի բացառվում, որ օրենքով գողերը կապ ունեն Հայաստանի պետական կառույցների հետ: