ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 26 երկրից: ՀՀ ԱԺ նախագահն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին:
«Հարգելի՛ կազմակերպիչներ և մասնակիցներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայտնի մտավոր խաղի աշխարհի առաջնությանը:
Առաջնությունը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Մեզ համար պատիվ է հյուրընկալել այնպիսի հետաքրքիր, բազմակողմանի զարգացած հյուրեր, որոնք իրենց օրինակով ներշնչում և դրդում են երիտասարդ սերնդին գիտելիքներ ձեռք բերել:
Այսօր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը շատ տարածված է մեր երկրի երիտասարդ մտավորականության շրջանում: Հայ գիտակները մեծ հաջողության են հասնում ոչ միայն երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Այս տարի, նրանցից մեկը` Հայկ Ղազազյանը, ով խաղացել էր Ելենա Պոտանինայի թիմում, ճանաչվել է գարնանային խաղաշրջանի լավագույն խաղացող:
Խաղը հայտնի է նաև քաղաքական գործիչների շրջանում: Ինչպես արդեն գիտեք, մի քանի տարի առաջ ստեղծվեց պատգամավորների թիմը:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնության անցկացումը Երևանում ուշագրավ է նրանով, որ այս տարի մեր մայրաքաղաքը նշեց իր 2800-ամյակը, որը, իմ կարծիքով, միջոցառմանը հաղորդում է ավելի մեծ նշանակություն:
Հայ ժողովուրդը հատուկ հարգանք ունի գիտելիքների, ուսման և այն ամենի նկատմամբ, ինչը նպաստում է դրանց կուտակմանը և տարածմանը: Ինչպես գիտեք, Հայաստանում ինտելեկտուալ շարժումն ունի խոր արմատներ: Պատճառը, թերևս, այն է, որ իր ողջ պատմության ընթացքում արժեքներից, որոնք հաջողվել է պահպանել և անցկացնել դարերի միջով, եղել են գիտելիքը, հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Եվ այսօր Հայաստանի առջև կանգնած առաջնային խնդիրը՝ մարդկային ներուժի զարգացումն է, որը մեր երկրի մրցունակային առավելությունն է:
Հարգելի՛ հյուրեր,
ձեզանից շատերը Հայաստանում առաջին անգամը չեն, և ես հուսով եմ, որ ձեզ հետ շատ դրական հույզեր, վառ տպավորություններ կտանեք ու անպայման կցանկանաք վերադառնալ մեզ մոտ:
Թույլ տվեք կրկին ողջունել առաջնության բոլոր հյուրերին և թիմերին մեր ջերմ, հյուրընկալ հողի վրա և մաղթել հետաքրքիր խաղեր, լավ տրամադրություն և հաջողություն:
Բարի երթ»:
Ազգային ժողովի նախագահի անունից հաղթող թիմին կտրվի «Էջմիածնի գանձեր» եռալեզու գիրքը:
Իր խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջնության համանախագահ Արմեն Աշոտյանը երախտագիտություն է հայտնել ինտելեկտուալ խաղի միջազգային ասոցիացիային աշխարհի առաջնությունն արդեն երկրորդ անգամ Հայաստանում անցկացնելու համար: Նրա խոսքով՝ սա մի յուրահատուկ նվեր է մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանին: