Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին քաղաքական տարին և անդրադարձան տարածաշրջանային արտաքին քաղաքական գործընթացներին:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ տարին բավական հետաքրքիր էր ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության առումով, այլ ընդհանուր տարածաշրջանում։ Ներքաղաքական վիճակը Հայաստանում նա գնահատեց «հանգիստ»։
Քաղաքագետի պնդմամբ՝ տարածաշրջանը դինամիկ փոփոխվում է արաբական երկրներում ստեղծված իրավիճակից հետո՝ Սիրիայի դեպքեր, Թուրքիայի դերի մեծացում, Իրան-Արևմուտք հարաբերություններ, Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում դրական փոքրիկ, բայց նկատելի փոփոխություն։
Իսկանդարյանի խոսքով՝ Թուրքիայի փորձերը և «զրո խնդիր հարևանների հետ» հայտարարությունը սիմվոլիկ էր, որն ըստ էության ձախողվեց, դեռ ավելին՝ սրվեցին Սիրիա-Թուրքիա հարաբերությունները։
Քաղաքագետը տարին եթե ոչ ձախողված, ապա առնվազն անհաջող համարեց Եվրամիության համար, ով իր նախատեսվածից ստացավ միայն Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը՝ մինչդեռ նախագծի հիմքում կար նաև Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրման ակնկալիքը։
Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից քաղաքագետն առանձնացրեց ինչպես Վրաստան-Ռուսաստան, այնպես էլ Իրան-ԱՄՆ հարաբերությունները։ «Իրան-ԱՄՆ հարաբերություններում թե ինչ կլինի, թե չի լինի՝ կես տարուց կերևա, իսկ այսօր արդեն շոշափելի է հենց այդ հարաբերությունների հաստատումը։ Եթե իրապես Իրանն իր պարտավորությունները ստանձնի, դրանով Իրանի ապրանքաշրջանառության համար շուկաներ կբացվեն, ինչը, բնականաբար, Հայաստանի դեպքում դրական ազդեցություն կունենա: Մինչ այս Հայաստան-Իրան պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, քանի որ Իրանը փող չուներ, իսկ չուներ, որովհետև նրա հաշիվները սառեցրել էին, հետո էլ Իրանն իր էներգառեսուրսները ըստ պատշաճի չի օգտագործում»,-ասաց նա։
Տաթև Հայրապետյանն էլ ընդգծեց, որ 2013թ.-ը Ադրբեջանի համար էր կարևոր, այնտեղ ընտրություններ եղան, բացի այդ, տարին սկսվեց լարված դեպքերով, մասնավորապես՝ ձերբակալություններով: Մինչդեռ ժողովրդավար ընտրությունների հարցով երկակի գնահատականներ եղան, ԱՄՆ հրաժարվեց անցկացնել դիտորդական առաքելությունը, իսկ ԵԽԽՎ-ն հայտարարեց, թե դա Ադրբեջանի ժողովրդի կամքի արտահայտում էր։ Նման գնահատականն ըստ նրա, Արևմուտքի՝ Ադրբեջանի գազի և նավթի պաշարների վրա աչքադրելն է, որը կանցկացվի Թուրքիայի սահմանով դեպի Արևմուտք։
«Իշխող վարչակարգը լեգիտիմացման ճանապարհ անցավ, որից հետո Ալիևի Թուրքիա այցն էր՝ կապված Շահդենիզի պայմանագրի հետ, որին մասնակցեց նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, ինչը ցույց էր տալիս, թե նախագծով Արևմուտքն ինչքան է հետաքրքրված»,-նշեց նա։