«Oxfam» միջազգային բարեգործական կազմակերպությունը մեղադրել է Ֆրանսիայի և Իտալիայի իշխանություններին փախստական երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Այս մասին ասվում է հրապարակված զեկույցում:
Ինչպես հայտնի է, Իտալիայում բյուրոկրատիայի պատճառով երեխաները միայնակ, վտանգավոր պայմաններում մնում են Ֆրանսիայի հետ սահմանին: Միևնույն ժամանակ, ֆրանսիացի սահմանապահները երեխաներին ետ են ուղարկում առանց ուղեկցության, պատճառաբանելով փաստաթղթերի հետ կապված խնդիրները:
Ըստ «Oxfam»-ի տեղեկությունների, դեռահաս փախստականները ենթարկվում են ֆիզիկական և բարոյական բռնությունների: Նրանց ձերբակալում են և ուղարկում խցեր, առանց սննդի, ջրի և ջեռուցման: Բացի դրանից, նրանք չեն կարողանում կապ հաստատել իրենց օրինական ներկայացուցիչների հետ, ինչը հակասում է ինչպես ֆրանսիական, այնպես էլ եվրոպական օրենսդրությանը: