Պատճառներից մեկը, որ Հայաստանում վերջնականապես ամրապնդեցին «Գազպրոմի» դիրքերը, այսինքն՝ Հայաստանը վաճառեց իր 20 տոկոս բաժնեմասը Ռուսաստանին, պայմանավորված է նրանով, որ ռուսական ընկերությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի տարածքը չօգտագործվի իրանական գազը Եվրոպա արտահանելու համար:
Այս մասին այսօր Նախախորհրդարանի հրավիրած «Իրան-Հայաստան հարաբերությունները՝ տարածաշրջանային նոր զարգացումների համատեքստում» թեմայով կլոր սեղանին հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Վերջինս այս համատեքստում Արևմուտք-Իրան հարաբերությունների ջերմացման պարագայում Հայաստանի համար նոր բացվող հնարավորությունները տեսականորեն հնարավոր է համարում, գործնականում՝ ոչ:
«Իրանը Արևմուտք գազ արտահանելու համար ընդամենը մի ճանապարհ ունի, քանի որ Թուրքիան բնավ ցանկալի չէ, դա Հայաստան-Վրաստան-Սև ծով և շարունակությունն է և այստեղ գազ արտահանելով մրցակից է դառնալու «Գազպրոմին»,- իրավիճակն այսպես է պատկերացնում Արա Պապյանը՝ նշելով, որ հիմա մի իրավիճակ է, որին Հայաստանի իշխանությունները անկարող են դիմադրել:
«Եվ «Գազպրոմի» դիրքերն էնքան ուժեղ են էսօր և հաստատ ուժեղանալու են, և հաստատ մենք էլի ենք պարտքեր կուտակելու, ու ինչ-որ բաներ տալու ենք: Դրա համար առայժմ սահմանափակվում եմ հետևյալ ամփոփումով, որ Արևմուտքի՝ Իրանի հետ հարաբերությունները կջերմանան։ Ու մենք թերևս կարող էինք օգտվել, բայց գործնականում չենք կարողանա, որովհետև ունենք ռեալ սահմանափակումներ։ Եվ, ի վերջո, որովհետև մեզ պարտադրված համաձայնագրի մեջ այլ երկրից գազ չառնելը հենց դրանով է պայմանավորված»,- ասաց նա։
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Իրանն այսօր ի զորու է գազի գինն իջեցնել մինչև 20 տոկոսով, որովհետև իր նավթի ինքնարժեքը, հատկապես՝ հայտնաբերված վերջին պաշարներից հետո, շատ ցածր է:
Իսկ Ռուսաստանի համար այս էներգատարի դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար Արա Պապյանը բերեց ԽՍՀՄ-ի փլուզման միջադեպը, որի պատճառը նավթն էր, որով Արևմուտքը խեղճացրեց Միխայիլ Գորբաչովին՝ Սաուդյան Արաբիայի միջոցով: Պատահական չէ, որ այս երկրի արտահանման ապրանքների 97 տոկոսը հումք է՝ նավթի ու գազի տեսքով ու միայն 3 տոկոս են կազմում այլ ապրանքները:
«Գորբաչովին մեղադրում էին, թե երբ մեկ տակառ նավթի գինն իջնի 8 դոլարի, տեսնեմ՝ ոնց եք դիմադրելու»,- մեջբերեց Արա Պապյանը:
Նա Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացման պատճառ է համարում նաև ռուսական վտանգը, որը ըստ քաղաքագետի՝ իր հրատապության առումով այսօր առաջնային է և հետին պլան է մղել համաշխարհային քաղաքականության համար կարևոր այլ հարցեր:
Նկատենք, որ օրինակ՝ Մաքսային միությունը ներառվում է ԱՄՆ անվտանգության հայեցակարգում՝ որպես անվտանգության մարտահրավեր:
«Հետևաբար, մենք ակամայից հայտնվում են երկու մեծ, բայց ոչ հավասար բևեռների շահերի բախման կենտրոնում, իսկ ոչ հավասար, որովհետև ՌԴ-ն շատ թույլ բևեռ է. միայն այն, որ նրա ողջ բյուջեն կազմում է Պենտագոնի բյուջեի կեսը, իսկ ռազմական առումով 25-30 անգամ ծախսերը պակաս են»,- ներկայացրեց քաղաքագետը, որը այս ամենի արդյունքում մեր երկրի համար տեսնում է հետևյալ «զարգացումը», որ ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստան-Իրան սահմանը դառնում է ՌԴ-Իրան սահման:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, որը այն կարծիքին չէ, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները կարելի է գնահատել միանշանակ, քանի որ դրանցում՝ «թե՛ մեղր կա և թե՛ թույն», առաջարկեց չգերագնահատել էներգակիրների գործոնը, որը, ըստ նրա՝ կարևոր է, բայց ոչ այդքան: Այս պարագայում, ըստ նրա, կարևոր են «աֆղանական գործերը»:
Ինչ վերաբերում է նավթի գների մասին Իրանի հայտարարություններին, ապա. «Դրանք առաջին հերթին ուղղված են տարածաշրջանում Սաուդյան Արաբիային և Իսրայելին: Մասնավորապես դրա մասին է փաստում իրանա-իրաքյան հնարավոր դաշինքը»:
Վարդան Ոսկանյանը հակադարձեց Արա Պապյանին՝ չհամաձայնելով, որ ԱՄՆ-ն ուժեղ է, իսկ ՌԴ-ն՝ թույլ։ «Անկախ նրանից թո՞ւյլ է, թե ոչ Ռուսաստանը կարևոր խաղացող է և, ի վերջո, միջուկային զենքի առկայության պայմաններում այնքան էլ կարևոր չէ 21 տանկ ավելին ունենալը, քանի որ անվտանգության ոլորտում կան ավելի կարևորները, քան ցամաքային զորքերը կամ սովորական սպառազինություններն են»:
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ սիրիական դեպքերի բերումով Ռուսաստանը իր ռազմական նավատորմիղով Միջերկրական ծով մուտք գործելով դեմարշ արեց՝ ցույց տալու համար, որ տարածաշրջանում առնվազն բազմաբևեռ աշխարհի ենք ականատես լինելու: Ի վերջո, իրանագետը վստահ է, որ ցանկացած «գրեթե պարտություն» կարելի է վերածել հաղթանակի:
Իրանահայ անվտանգության փորձագետ Կարապետ Մոմճյանը՝ կլոր սեղանին միանալով Skype-ով, Հայաստանի՝ Եվրասիական ինտեգրման մասին հայտարարեց. «Նույնիսկ մի ռազմավարական գործընկերը, որի հետ ռազմավարական և ռազմագիտական հարաբերություններ ունենք, և եթե նա իր նախկին կայսրությունն է վերասարքում, չի կարելի, որ չմիանաս»: Փորձագետը հավելեց, որ Բելառուսի ու Ուկրաինայի նման երկրները, որոնք Եվրոպայի հետ սահման ունեն, համաձայնեցին: «Այնպես որ պարտադրված հարց էր: Պիտի՛ երթայինք, յոլա պիտի երթայինք»,- ասաց նա: