Այսօրվանից ուժի մեջ են մտնում Իրանի դեմ ամերիկյանի նոր պատժամիջոցները: Հարևան երկրում նոյեմբերի 4-ին զանգվածային հակաամերիկյան ցույցեր են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Sky News-ը` հավելելով, որ ցուցարարները վանկարկել են մահ Ամերիկային, այրել են ԱՄՆ դրոշները և Դոնալդ Թրամփի լուսանկարները:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցել է մեկ միլիոն մարդ:
Նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտնող պատժամիջոցները վերաբերում են Իրանի նավթային և բանկային ոլորտներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պատժամիջոցներով ցանկանում է ստիպել Իրանին հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից: Միջուկային պայմանագրի մյուս երկրները` Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, որոնք շարունակում են մնալ միջուկային պայմանագրում, քննադատել են ԱՄՆ-ի քայլերը:
Իրանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ Թեհրանը մտադիր է հաղթել հոգեբանական պայքարում:
Նոյեմբերի 3-ին հայտարարությամբ հանդես եկավ նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին` նշելով, որ Թրամփի որոշումներն աջակցություն չեն ստանում աշխարհի կողմից: