Քաղաքական Հասարակություն 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ամանորյա շնորհավորական խոսքը

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ամանորյա շնորհավորական խոսքը աշխարհասփյուռ հայությանը.

 

«Աշխարհի տարբեր մասերում ապրող իմ թանկագի´ն քույրեր և եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2014 թվականը լինի կայունության, վերելքի, ձեր երազանքների իրականացման տարին:

Վստահ եմ, որ գալիք տարում ձեր հայրենանվեր գործունեությամբ, ձեր նվիրումով ու միասնական գործակցությամբ էլ ավելի կհամախմբվի Սփյուռքը, և կյանքի կկոչվեն բազում հայանպաստ ձեռնարկներ:

Համոզված եմ, որ 2014-ը կլինի զբոսաշրջության զարգացման տարի. Հայրենիք չայցելած յուրաքանչյուր հայ կգա և Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին իր գլուխը կխոնարհի անմեղ զոհերի հիշատակի առաջ և առավել կճանաչի իր Հայրենիքը:

Հայրենիքը կանչում և սպասում է ձեզ:

Կասկածից վեր է, որ տարբեր ոլորտներում ներդրվող մեր ջանքերը պետք է ուղղորդենք՝ հզորացնելու մեր Հայրենիքը,ամրապնդելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

Սիրելի´ բարեկամներ,

Մի կողմից մեր բոլորի հայացքն ուղղված է դեպի Սիրիա, և բոլորիս ցանկությունն է, որ օր առաջ դադարի արյունահեղությունը, մեր հայրենակիցները գտնեն իրենց հոգու անդորրը: Մյուս կողմից Սիրիայում պատերազմից տուժած մեր հայրենակիցներին աջակցելը յուրաքանչյուրիս պարտքն է ու պարտավորությունը նրանց Հայրենիքում հաստատվելու, «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագիրը կյանքի կոչելու, մեր քույրերին ու եղբայրներին Սիրիայում օգնելու համար:

Բոլորիս երազանքն է, որ Նոր տարում ամենուր խաղաղություն լինի, և հանդուրժողականությունը, սերն ու երջանկությունն ուղեկցեն յուրաքանչյուրիս:

Սիրելի´ հայրենակիցներ,

Մաղթում եմ ձեզ առողջ երկարակեցություն, հոգու մշտատև զվարթություն, աշխուժություն ու զորացում՝ շարունակելու դժվարին, սակայն պատվաբեր ու ազգանպաստ ձեր առաքելությունը, որտեղ էլ որ գտնվելիս լինեք:

Թող գալիք տարին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար լինի համազգային նպատակների իրականացման, նվաճումների և նորանոր ձեռքբերումների տարի:

Թող Նոր տարին զերծ պահի մեզ ամեն տեսակ փորձությունից, և հաջողությամբ պսակվեն մեր բոլոր ազգանվեր գործերը:

Թող Սուրբ ծննդյան լույսն առաջնորդի աշխարհասփյուռ հայությանը՝ ի բարօրություն և ի միասնություն Հայաստանի Հանրապետության, Արցախի և Հայկական սփյուռքի»:

 

 

Սիրով և բարեմաղթանքներով՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Նույն շարքից