Հայաստան Քաղաքական 

Մարուքյանը չի ցանկանում ռեյտինգայինով առաջադրվել. Նա շնորհակալ է Փաշինյանին և Սարգսյանին

Լուսավոր Հայաստանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաև տարբեր քաղաքացիական խմբերից, կուսակցություններից, ովքեր կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով: Այս մասին մասին այսօր` նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը հայտնեց, որ երկար քննարկումներ են ունեցել և որոշել են առանձին մասնակցել ընտրություններին: Պատգամավորը շնորհակալություն հայտնեց Արամ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, որ ԵԼՔ-ն իր առաքելությունն իրականացրել է, իսկ հիմա զրոյական վիճակ է, ամեն ինչ սկսվում է սպիտակ թղթից:

ԼՀ ղեկավարն ասաց, որ ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասով քննարկումներ եղել են ինչպես նոր ԸՕ-ի քվեարկությունից առաջ, այնպես էլ դրանից հետո, և հին ընտրակարգի մնալն ազդեցություն ունեցել է ընտրություններին մասնակցելու ձևաչափի որոշման վրա. «Մենք գտնում ենք, որ լավագույն տարբերակը սա է: Միևնույն ժամանակ մենք գտնում ենք, որ ՔՊ-ի և Հանրապետության հետ համագործակցության հնարավորությունը սպառված չէ, և նման հնարավորություն հետագայում կարող է լինել ի շահ Հայաստանի Հանրապետության»:

Բանախոսը, պատասխանելով հարցին, թե որքանով կապ ունի ԱԺ անցնել-չանցնելու հավանականությունը ընտրություններին առանձին մասնակցելու որոշման հետ, հայտարարեց, որ հարցին նայել են ավելի մոբիլ լինելու առումով. «Ես կարծում եմ, որ երկու ուժերն էլ ԱԺ հայտնվելու հնարավորություն ունեն: Ես մտահոգություն չունեմ, որ չենք հայտնվի: Եթե մենք չհայտնվենք, ով է հայտնվելու»:

Մարուքյանը հակված չէ առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, սակայն հարցը որոշված չէ, որոշումը կայացվելու է քաղաքային թիմի կողմից:

Նույն շարքից