Այսօր` նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե ապագա խորհրդարանում ընդդիմություն է լինելու արդյոք Լուսավոր Հայաստանը, թե` իշխանություն, ասաց, որ դա որոշելու է ժողովուրդը. «Ընտրությունները պետք է ավարտվեն, որ հասկանանք, թե ուր ենք: Դա կապված է ուժերի ստացած ձայներից: Մենք պատրաստ ենք մեր ունեցած ներդրումից էլ ավելի ներդրում ունենալու պետականաշինության գործում: Այն ձեռք բերված փորձը և այն հնարավորությունները որոնք բացվել են թույլ կտան իրականացնել ծրագրերը, որոնք նախկինում չենք կարողացել իրագործել»:
Ըստ Մարուքյանի, պետականաշինության գործում էական չէ` ընդդիմություն ես, թե` իշխանություն. Վերջին հաշվով ընդդիմությունն էլի իշխանություն է, և քաղաքական ուժերը պետք է ի վերջո գիտակցեն դա: Հիմա ՀՀ քաղաքացիները կորոշեն, թե որքան իշխանություն կլինենք մենք, իսկ մենք կբանեցնենք այդ իշխանությունը ի շահ մեր երկրի: Մեկ մանդատն էլ է իշխանություն:
Խոսելով գործող ԸՕ-ի մասին` Մարուքյանը հայտարարեց, որ դրանով անցած անգամ ընտրություններին մասնակցած ուժերի համար միևնույնն է, թե որ ընտրակարգով կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները. «Եթե ռեյտինգայինը չլիներ, քարոզարշավն ավելի քաղաքական կլիներ: Իսկ հիմա նորաստեղծ ուժերի համար բարդ է լինելու: Մենք ամեն ինչ արել ենք նոր ԸՕ-ն անցկացնելու համար, որովհետև մենք ավելի շատ քաղաքական մարդիկ ենք, բայց քանի որ նոր չենք ու մեծ փորձ ունենք, ռեյտինգայինի առկայության դեպքում էլ մոտավոր նույն արդյունքն ենք ունենալու»:
Մարուքյանի խոսքերով, ռեյտինգայինը դրական է այն առումով, որ մարզերից մարդիկ կլինեն նոր խորհրդարանում, եթե փող չի բաժանվում, մարդկանց տեռորի չեն ենթարկում, ադմինիստրատիվ ռեսուրս չի կիրառվում: Իսկ հիմա քաղաքական ուժերն իրենց ցուցակում նախ ընդգրկում են երևանցիներին, հետո մարզերից, վերջում պարզվում է, որ փոքր ուժերից մարզերից մարդիկ չեն ընտրվել: