«Քննարկումներ եղել են կուսակցությունների ցանկով մասնակցելու, ոչ միայն մեր, այլ նաև դաշինքի ուժերի ցուցակով, բայց դրա հետ եղել են այլ քննարկումներ ևս, սակայն վեճ չի եղել: Մի հարցի նկատմամբ եղել են տարբեր մոտեցումներ, եղել են նորմալ քննարկումներ: Մենք նաև ունենք խմբակցություն Երևանի ավագանիում, աշխատանքը շարունակվելու է, գործը որևէ կերպ չի տուժելու»,-այսօր` նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը` պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք խոսակցությունները, որ ինքն Արամ Սարգսյանին առաջարկել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԼՀ-ի ցուցակով, սակայն վերջինս հրաժարվել է:
Մարուքյանի խոսքերով, այսօր կան բոլոր առարկայական հնարավորությունները, որպեսզի Լուսավոր Հայաստանը լինի երկրորդ քաղաքական ուժը: Նա կարծում է, որ դա անհրաժեշտ է քաղաքական դաշտի առողջացման համար և իրենք ամեն ինչ անելու են դրա համար: Մարուքյանը վստահեցնում է, որ 90 տոկոսով իրենք կլինեն երկրորդ քաղաքական ուժը, եթե ընտրություններն անցնեն այնպես, ինչպես իրենք պատկերացնում են:
Ինչ վերաբերում է հետագայում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը, Մարուքյանը նշեց, որ ապագան ցույց կտա. «Մի բան հստակ է` այն ինչ անում ենք, պետք է անենք մեր երկրի համար: Մենք պետք է նայենք, թե որն է մեր դերը: Պետք է հասկանանք` մեր կարիքը կա, թե ոչ: Երբ հեղափոխությունը եղավ, կոնկրետ առաջարկ ստացանք հետհեղափոխական կառավարությունում մեր ներդրումն ունենալու համար և մենք ունեցանք: Ապագայում էլ բոլոր կոնֆիգուրացիաներով մեր ներդրումը կունենանք պետականաշինության գործում»: