Այսօր` նոյեմբերի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե հաջորդ տարվա բյուջեով ֆինանսավորում տրամադրվելու է արդյոք Հայ ասպետ հաղորդաշարին, ասաց, որ այսուհետ որևէ հաղորդման, թերթի, դասագրքի առանձին տողով հատկացում չի լինելու, դա լինելու է ծրագրային: Հարությունյանի խոսքերով, Հայ ասպետը կարող է մասնակցել ծրագրի իրականացման մրցույթին և շահել:
Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց նաև հարցին, որը վերաբերում է խոսակցություններին, որոնց համաձայն դպրոցներում պահանջում են, որ աշակերտները կարդան Նիկոլ Փաշինյանի գրքերը: Հարությունյանը նշեց, որ իրեն կոնկրետ օրինակներ են պետք վստահություն հայտնելով, որ նման բան լինել չի կարող: Նրա խոսքերով, սեպտեմբերին մի քանի դպրոցում քաղաքական ենթատեքստով որոշակի ատրիբուտներ տեսել է և պահանջել է դպրոցներից այսուհետ զերծ մնալ նմանատիպ դրսևորումներից:
Ինչ վերաբերում է Լյուբիկ Չիբուխչյանի գրքին` նվիրված Նիկոլ Փաշինյանին, դրա մասին նախարարի պաշտոնակատարը չի լսել: