Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքագետ Սուրեն Սարգյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ինֆոգրաֆիկա այն մասին, թե ինչպես է Ալիևն ազդեցություն ձեռք բերում Վաշինգտոնում։ Նա նաև նշել էր, որ դա լուրջ սպառնալիք է Հայաստանի համար:
Analitik.am-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ Վաշինգտոնում աշխատանքի թիրախը Հայաստանն է. «Վաշինգտոնում կան նաև հայկական լոբբիստական կառույցներ և բնական է, որ դրանք են լինելու ադրբեջանական լոբբինգի թիրախում, թե ինչպես անեն, որ հայկական կազմակերպությունների ազդեցությունը փոքրանա և չկարողանան ինչ-ինչ հայամետ գործընթացներ ծավալել Վաշինգտոնում: Հիմնական նպատակը դա է, իսկ երկրորդը՝ Ալիևի և Ադրբեջանի հեղինակության ամրապնդումն ու բարձրացումն է»:
Մեզ հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ դա ամբողջական ցանկը չէ այն մասին, թե ինչ են իրենք անում և որտեղ են գումարներ ծախսում. «Բաց աղբյուրներից որքանով կարողացել ենք, օգտվել ենք և մոտավորապես ստացել ենք այս պատկերը»:
Քաղաքագետը հայտնեց նաև, որ եթե լինեն պետական մարմիններ, ում անհրաժեշտ կլինի լրացուցիչ տեղեկություններ, թե ինչ կապեր կան և ովքեր են այդ կապերը պահում, իրենք պատրաստ են տրամադրել այդ տեղեկությունները. «Այս մասով պետական մարմինների կողմից դեռ արձագանք չենք ստացել»: