Քաղաքական 

Գիգի Ուգուլավան սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնից հեռացված Գիգի Ուգուլավան սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի Վրաստանի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն 2001թ.-ին Գերմանիայում 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել կողոպուտի համար, գրում է Независимая газета-ն։

Ուգուլավան պահանջել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը վերցնի Պարցխալաձեի գործը գերմանացի գործընկերներից, իսկ գլխավոր դատախազն ազատվի պաշտոնից։

Վրաստանում սկանդալը նախատոնական օրերին սրվում է։ Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը։ Թեև ուղղակիորեն չի նշվում, որ նա պլանները փոխել է նախկին իշխանությունների հետ հակամարտության պատճառով, սակայն Բաքու այցը հետաձգելու համար որևէ հարգելի պատճառ չի նշվում։

Աղմուկն սկսվեց մի քանի օր առաջ, նշում է թերթը։ Սկզբում նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ով արդեն 10 ամիս է Թբիլիսիի բանտերից մեկում է, գլխավոր դատախազին մեղադրեց շանտաժի համար և պահանջեց քննություն սկսել։ Մերաբիշվիլին պնդում է, որ դատախազի մարդիկ իրեն գաղտնի դուրս են բերել բանտից և տարել դատախազի մոտ, ով իրեն երկրից դուրս գալու դիմաց առաջարկել է օգնել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրության և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բանկային հաշիվների մասին տեղեկություններ տրամադրել։

Գլխավոր դատախազությունը հերքեց այդ հայտարարությունը։

Հետո եկավ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հերթը, ով փաստացի 3-րդ կամ 4-րդ մարդն է նախկին իշխող «Միացյալ ազգային շարժման» կուսակցությունից։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել բազմամիլիոնանոց պետական միջոցներ վատնելու համար։ Թբիլիսիի դատարանն Ուգուլավային ազատ արձակեց 50 հազար լարի (մոտ 35 հազար դոլար) գրավի դիմաց։

Սակայն մի քանի ժամ անց ևս մի որոշում կայացվեց. կասեցնել քաղաքապետի լիազորությունները՝ մինչ դատական գործընթացի ավարտը։

Կուսակցությունն իշխանությանն ու դատախազությանը դարձյալ մեղադրեց քաղաքական դրդապատճառներով կուսակցության անդամներին հետապնդելու համար։ Կրակի վրա յուղ լցրեց այն, երբ պարզվեց, թե հնարավոր չէ գտնել այն գիշերվա բանտային տեսագրությունը, որի ընթացքում, Մերաբիշվիլիի պնդմամբ, իրեն հանել են բանտից և տարել դատախազի մոտ։

Դեռևս առանց իշխանությունների պատասխանի է մնացել Սաակաշվիլիի կուսակիցների պահանջը՝ խորհրդարանական կամ հանրային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը պետք է զբաղվի Մերաբիշվիլիի հայտարարության ուսումնասիրությամբ և Ուգուլավային պաշտոնից հեռացնելու օրինականության հարցով, քանի որ վերջինս ընտրվել է ուղղակի քվեարկության միջոցով։

Կարճատև դադար վերցնելով և համոզվելով, որ իշխանությունները չեն պատրաստվում ընդառաջել իրենց՝ երեքշաբթի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները պատասխան հարված հասցրին։

Գիգի Ուգուլավան կուսակցության գրասենյակում հայտարարեց, որ դատախազն ազատազրկված է եղել Գերմանիայում։
Պահանջելով ազատել աշխատանքից՝ Ուգուլավան ցույց տվեց այն բանտի նկարը, որտեղ պատիժը կրել է գլխավոր դատախազը։

Թբիլիսիում վստահ են, որ տեղի ունեցողի ետևում նախկին նախագահ Սաակաշվիլին է։
«ԱՄՆ-ում քիչ հայտնի համալսարանում աշխատելը նրան հետաքրքիր չէ. դա չի համապատասխանում նրա բուռն խառնվածքին։ Սակայն նախկին նախագահի գործը պարզ չէ։ Վրաստանում նրան սպառնում է տարբեր հարցերի կապակցությամբ դատախազություն կանչվելը։ Իսկ եթե բացահայտվեն Ժվանիայի մահվան որոշ հանգամանքներ, ապա նա կարող է մեղադրյալ դառնալ։ ԱՄՆ-ում նրան «մանր» են նետել, եվրոպական առաջատար երկրներում նա հեղինակություն չի վայելում, իսկ հետխորհրդային տարածքում՝ առավել ևս, անգամ սիրելի Ուկրաինան նրան ներառել է անցանկալի անձանց ցուցակում»,-ասել է НГ-ի աղբյուրը։

Նույն շարքից