ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսին ամփոփեց տարվա ընթացքում իշխանությունների կողմից թույլ տրված ներքին և արտաքին քաղաքական, ինչպես նաև տնտեսական ձախողումները, և նշեց, թե ըստ իր կազմած «ռեյտինգի»՝ դրանք 13-ն են։
«Կարող եք ավելացնել, վիճարկել, բայց կրճատել չեք կարող»,- ասաց նա և սկսեց ներքին քաղաքական զարգացումներից, որոնցից առանձնացրեց երկուսը՝ նախագահական և ավագանու կեղծված ընտրությունները։
Տնտեսական բլոկից առանձնացրեց նկարահանող արագաչափ սարքերի գոյությունը, «որոնք հարյուր հազարավոր վարորդների անեծքներին արժանացավ», նույնը նաև կարելի է ասել վճարովի կայանատեղիների համար նախատեսված կարմիր գծերի մասին։
«Հաջորդ ձախողումը նույնպես մասնավորի գրպանը գնացող կուտակային կենսաթոշակի գործընթացն է։ Իսկ սրանք բոլորն էլ քաղաքացիներից գումար կլպելու որոշումներ են եղել, ոչ մեկի արդյունքում աշխատատեղ չի ստեղծվել, արդյունք չի եղել»,-ասաց նա։
Տնտեսական բլոկի թոփ ձախողումը, ըստ Արամ Մանուկյանի, գազի գինն է և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասի վաճառքն է ռուսական «Գազպրոմին»։
«Դա ամենամեծ սկանդալն է, ամենանարժանապատիվ, նվաստացնող գործընթացը։ Սա տարվա վերջին ամենամեծ քյալագյոզությունն էր, որովհետև այսպիսի գործարք, նվաստացում, խեղճացնող՝ հայ ժողովուրդը չի ունեցել, անգամ ծանր ժամանակներում։ Սա լուրջ քրեական գործ է, պետք է լինել հետևողական, և սա շատ ջուր է քաշելու, և անօրինական քվեարկությունը հաստատելու համար»,- ասաց նա։
Հաջորդ սկանդալը, ըստ նրա, վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային պատմությունն էր, որը «առ այսօր կախված է օդում»։ «Դա այնպիսի սկանդալ է, որ վարչապետը պետք է հինգ անգամ գոնե հրաժարական տար»,- ասաց նա։
Արամ Մանուկյանի խոսքով՝ հաջորդը ՀԱԿ-ի բացահայտումն էր երկրում տիրող կոռուպցիայի մասով։ «Հայաստանի Հանրապետությունում համատարած կոռուպցիա է, որը քայքայում է երկիրը։ Տարածաշրջանում կոռուպցիոն մակարդակն ամենաբարձրերից է»,- ասաց նա։
ՀԱԿ պատգամավորն անցավ արտաքին երեք հիմնական ձախողումներին. «Իշխանությունը սեպտեմբերի 3-ին խայտառակ եղավ իր կտրուկ շրջադարձից, ինչը շոկի մեջ գցեց ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին նաև միջազգային հանրությանը»,-ասաց նա և պնդեց, թե, դրանով նախագահ Սերժ Սարգսյանը ուղղակի ցույց տվեց, թե որքան անվստահելի գործընկեր է։
Ձախողումների շարքը, ըստ պատգամավորի, լրացնում են ՌԴ-ի հետ հարաբերությունները, որոնք նրա համոզմամբ՝ «նվաստացրեցին հայ ժողովրդին, ՀՀ իշխանություններին»՝ բերելով մի վիճակի, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները ամենավատն են, և սա այս իշխանությունների թույլիկության, ոչ արժանապատիվ լինելու և ոչ լեգիտիմ լինելու արդյունքն է։
Արամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, թե Մոսկվան պատժում է Սերժ Սարգսյանին, ում և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում ոչ կանխատեսելի և ոչ լուրջ գործընկեր են համարում։
«Հայաստանում 60% ուղիղ ներդրումները պակասել են, դա նշանակում է՝ չեն մտնում, որովհետև միջավայրը պաշտպանված չէ, փայ մտնողները ավելի շատ են, քան արդյունք ստացողները»,- ասաց նա։
Տնտեսական մյուս սկանդալը, նրա համոզմամբ, Իրանի հետ հարաբերութունների խնդիրն է։ «Գազային այս սկանդալը, որը տեղի ունեցվ վերջին մեկ ամսում։ Իրանը մեր վստահելի գործընկերներից է և այսպիսի վերաբերմունք ուղղակի չէր կարելի դրսևորել»,-նշեց նա՝ ավելացնելով, որ ոչ պակաս կարևոր ձախողում համարեց հայոց լեզվի նկատմամբ նույն իշխանությունների վերաբերմունքը։
«12 անհաջողությունների համագումարում ամենավատ արդյունքը արտագաղթն էր, իմ հաշվարկներով գնացած-չեկածների թիվը, կկազմի 150 հազար մարդ, հոկտեմբերին 240 հազար էր գնացել, ես կարծում եմ, որ արտագնա աշխատանքի գնացած 100 հազարը կվերադառնան, բայց թիվը կկազմի 150 հազար, որը (արտագաղթի – խմբ.)ամենամեծ թիվն է, հայ ժողովրդի խաղաղ պայմաններում ապրած ժամանակ»,- ասաց նա։
Արամ Մանուկյանը վերջում ցավով ամփոփեց. «2013թ-ին ո՛չ տնտեսվար, ո՛չ կազմակերպված, ո՛չ գիտական երկրի կազմակերպման արդյունքում հայ ժողովուրդն արտագաղթում է աննախադեպ չափերով»,-նշեց նա։