Քաղաքական 

Կարծում եմ, որ մեզ համար դրական միտում է ԱՄՆ-ի և Թուրքիայի լարումը. Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց 2013 թվականը՝ Հայաստանի համար առանձնացնելով երեք հիմնական միտումներ, որոնցով պայմանավորված լինեն 2014 թվականի զարգացումները։ 2013 թվականի իրադարձություններից նա առանձնացրեց Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների որոշակի լարումը և Արևմուտքի ու Իրանի հարաբերությունների «պայմանական» ջերմացումը:

 

Առաջինն ըստ նրա՝ ՀՀ անդամակցության կամ հնարավոր անդամակցության հարցն է ՄՄ-ին, ինչը կտրուկ շրջադարձ էր նախորդ մի քանի տարվա վարած արտաքին քաղաքականությունից: Ավելին՝ Հայաստանը անկախությունից ի վեր, ըստ նրա, բռնել էր եվրոպական զարգացման ուղին։

 

Մաքսային միությանն անդամակցելու հարցում վերլուծաբանն առանձնացրեց Լեռնային Ղարաբաղի հարցը։

 

«Մինչ այժմ էլ հստակ պարզ չէ ԼՂՀ-ի ճակատագիրը Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում։ Մտահոգիչ հայտարարություններ կան՝ Նազարբաև, Լուկաշենկո, բայց հուսանք, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան մեր երկրի համար ընդունելի տարբերակ գտնել։ Բայց եթե մաքսակետ դրվի, ակնհայտ է, որ դա վերջնականապես կփակի Ղարաբաղի հարցում մեզ համար ցանկացած դրական զարգացում։ Սա անորոշ և բացասական առումով միտում է»,-հայտարարեց նա։

 

Հակառակ պարագայում արդեն, ըստ նրա, եթե մաքսակետ չդրվի, դա արդեն դրական միտում կդիտվի, քանի որ դե ֆակտո կընդունվի Ղարաբաղը, կամ այն առնվազն այլևս չի ընկալվի Ադրբեջանի մաս։

 

«Եթե դե ֆակտո հաստատվի, ես շատ գոհ կլինեմ, իմ մտահոգությունը բխում է հայտարարությունից՝ վատ ակնկալիքներ ունեմ։ ՄՄ անդամ երկրները երեքն են, որոնցից երկուսն արտահայտվել են, Պուտինը՝ չգիտենք՝ ինչ է մտածում»,-ասաց նա՝ շեշտելով, որ երեքն էլ ձայնի կարևորություն ունեն։

 

Արա Պապյանի համար անհասկանալի է Ղարաբաղի իշխանությունների լռությունը, հատկապես այս հարցի շուրջ։ «Սա այն տարբերակը չէ, որ ասեն «լյոխ լավա»: Ասեք, իմանանք՝ ինչ եք մտածում այդ ուղղությամբ։ Ի վերջո` Ղարաբաղի հակամարտությունը միայն Ղարաբաղինը չի եղել և պետք է պարզաբանեն, որ այս ամբողջ տառապանքն ու արյունը անարդյունք չկորչի։ Պատկերացնո՞ւմ եք, մտնում ենք ՄՄ և պարզվում է, որ «չորով» դնում են, գալիս են ռուս-ղազախական և բելառուսական ուժայինները և Ղարաբաղի ու Հայաստանի միջև անցակետ են դնում, որից հետո արդեն պետք է անցնելու համար թղթեր ներկայացնեն, մաքսեր մուծեն։ Իսկ թղթեր լրացնելիս պետք է նշեն ծագման երկիրը, իսկ ի՞նչ պետք է գրեն, Ադրբեջա՞ն։ Դա արդեն կասեն՝ հայերն իրենց ձեռքով են ստորագրում, որ անկախ չեն»,-զգուշացրեց նա։

 

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարն անդրադարձավ հաջորդ միտումին, ինչն ըստ նրա Հայաստանի համար դրական զարգացում կարող է ապահովել։ «Ակնհայտ է, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար այն դաշնակիցը չէ, ինչպիսին եղել է տարիներ շարունակ»,-ասաց նա և դրա հիմնավորումները բերեց, նշելով Էրդողանի հայտարարությունները ԱՄՆ-ի դեմ, ԱՄՆ դեսպանի դեմ՝ Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար։

 

«Կարծում եմ, որ մեզ համար դրական միտում է ԱՄՆ-ի և Թուրքիայի լարումը, որովհետև այն աջակցությունը, որ ԱՄՆ-ն Թուրքիային ցույց է տվել, կկրճատվի»,-ասաց նա։

 

Երրորդ միտումն ըստ նրա՝ Արևմուտքի և Իրանի հարաբերությունների միջև նկատվող «պայմանական ասած» ջերմացումն է կամ հարաբերությունների նորմալացումը։

 

«Եթե սա շարունակվի, համաշխարհային առումով դրական միտում կունենա, կազդի նավթի և գազի գների վրա, և եթե Իրանն ամբողջ հզորությամբ միջազգային շուկա նավթ ու գազ տա՝ գինը կընկնի, որից էլ էապես կթուլանա Ռուսաստանի տնտեսությունը, ինչն էլ կփոխի նրա վարքը, նույնը կլինի նաև Ադրբեջանի պարագայում»,-ասաց նա։

Նույն շարքից