ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է՝ որ ԱԺ-ում ընտրական օրենսգրքում փոփոխությունները չընդունելն անհեռատես մոտեցում էր: Այս մասին դեսպանն ասաց Երեւանի մամուլի ակումբի՝ նոյեմբերի 2-4-ը կազմակերպած «ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում» թեմայով սեմինարի ժամանակ:
Խոսելով ընտրական օրենսգրքի մասին, Սվիտալսկին հիշեց, որ նախկին իշխանությունների ժամանակ, երբ այն քննարկում էին, միակ կետը, որի վերաբերյալ նախկին իշխանություններն անդրդվելի էին՝ ռեյտինգային ընտրակարգն է. «Ես նույնիսկ Սերժ Սարգսյանին եմ դիմել, ասել եմ, որ դա արատավորելու է համակարգ: Հետո մենք ճիշտ դուրս եկանք: Ամբողջ կեղտը, որն ի հայտ եկավ, հատկապես մարզերում, դա ռեյտինգայինն էր: Կեղտոտ փողերը՝ ռեյտինգային է: Նախկին իշխող կուսակցությունը պատրաստ էր քննարկել ամեն ինչ, բայց ոչ ռեյտինգային ընտրակարգը»:
Պարոն դեսպանն ասաց, որ շատ էմոցիոնալ ընտրական շրջան է լինելու, որոշ քաղաքական ուժերին դա նույնիսկ ձեռնտու կլինի՝ այն անցկացնել «սեւեր եւ սպիտակներ» սկզբունքով:
«Բայց ընտրական օրենսգիրքը պետք է նորից գրել, այն այնպիսի խառնաշփոթ է, նույնիսկ կասկածում են, որ Դավիթ Հարությունյանն է այդ ամենն արել»,-ասաց Սվիտալսկին: Ապա` նա մի զավեշտալի դեպք պատմեց. «Գյումրիում ընտրություններից հետո բոլորը բանավիճում էին, բոլորն ապացուցում էին, ես նայում էի, ոչինչ չէի հասկանում, եւ բոլորը հանգեցին մի մտքի՝ միայն Դավիթ Հարությունյանը գլուխ կհանի»: Դեսպանը խորհուրդ տվեց ընտրական օրենսգիրքը նորից ու շատ պարզ, մատչելի գրել:
Աղբյուրը՝ aravot.am