Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարց օրակարգում դրված չէ՝ նշելով, որ Կառավարությանն ու իր ղեկավարին և՛ վստահությունը, և՛ անվստահությունը տալիս են քաղաքական ուժերը՝ խորհրդարանում Կառավարության բյուջեն և ծրագիրը հաստատելիս, սակայն թե՛ մեկը և թե՛ մյուսը ԱԺ-ում մեծամասնության ձայներով ընդունվել են:
«Ուստի Տիգրան Սարգսյանի գործունեության հարց, (հրաժարականի – խմբ.) մեր քաղաքական օրակարգում դրված չէ»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե 7 տոկոսանոց տնտեսական աճ չապահովված վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարց քննարկվո՞ւմ է, թե ոչ:
Հիշեցնենք, որ համաձայն նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի Կառավարության ղեկավարը պետք է ապահովեր 7 տոկոսանոց տնտեսական աճ, այլապես նման ցուցանիշներ չապահովողը պետք է հրաժարական տար:
Էդուարդ Շարմազանովը նաև անդրադարձավ «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու համաձայնագրին և խոսքն ուղղեց ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցություններին։
«Եթե այս պայմանագրերը այդքան կործանարար էին, բա ձեր կուսակցության ղեկավարները ո՞ւր էին, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարգարժան ղեկավարը նույն օրը կամ երկու օր հետո Ֆիզկուլտ ինստիտուտում ելույթ է ունենում, բայց պառլամենտում, ինչպես իրենք են ասում՝ այդ կործանարար հարցի քննարկմանը չի լինում, նշանակում է, որ նման կործանարար հետևանքներ չունեն: Եվ մինչ օրս այդ կուսակցության ղեկավարից նման «կորածանարար», «դավաճանական», «քրեական հետապնդում» առաջացնող կարծիքներ չեմ լսել»,– ասաց ՀՀԿ խոսնակը:
Ամփոփելով ԲՀԿ-ի մասով ասելիքը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, միգուցե սաստիկ սառնամանիքից ԲՀԿ–ական գործընկերներից մի քանիսը կորցրել են հիշողությունը և մոռացել են, որ իրենց չեն կարող լինել ընդդիմություն:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա ԱԺ փոխնախագահը նշեց, որ «պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը» այդ պայմանագրերի վերաբերյալ զարմանալիորեն որևէ կարծիք չի հայտնել, ինչպես նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Որը իր վերջին ելույթում ամեն ինչից խոսեց, բացի գազային պայմանագրերից: ՀԱԿ-ի ֆրակցիայի ղեկավարը, որ այդպես բարձրաձայն կուրծք է ծեծում, այդ ինչո՞ւ զնց առաջնորդը այդ մասին չի խոսում: Դե թող խոսի: Ազնիվ չէ մինչև ժամը 1-ը լինել ռուսամետ, ինչպես իրենք են ասում, 1-5–ը՝ արևմտամետ, 5-ից մինչև ժամը 12-ը՝ իշխանամետ»,– ասաց նա։
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ հենց դրանով է պայմանավորված այն, որ մեր հասարակության բողոքավոր զանգվածը, ովքեր հավաքվել էին ԱԺ-ի մոտ, հույսեր չեն կապում ընդդիմության հետ:
«Մենք տեսանք, որ քաղաքական ընդդիմության վարկանիշային կտրուկ անկման հետևանքով մեր երկրում՝ ա/ առաջանում են նոր ընդդիմադիր ֆորմատներ, բ/ ակտիվանում է քաղաքացիական հասարակությունը»,– ասաց նա:
Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին պարբերաբար հնչող պահանջին՝ տարբեր ուժերի, խավերի կողմից, ինչպես նաև, նրա հայտնի արտահայտությանը, որ կոռուպցիան վերացնելու համար «պետք է գլխից» բռնել, բայց այն չի ստացվում, Էդուարդ Շարմազանովն ասաց.«Մեծ հարգանքով ենք վերաբերվում բոլոր մեր ընդդիմախոսներին և մենք չենք համարում, որ բոլորը պետք է ծափահարեն Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, նրա առաջնորդին, մենք չենք ապրում տոտալիտար ժամանակաշրջանում: Դա քաղաքական բազմակարծություն է»:
ՀՀԿ խոսնակը շատ բնական ու տրամաբանական համարեց, որ մի երկրում, որտեղ կա 35 տոկոսանոց աղքատ բնակչություն, կոռուպցիա և արդարության հետ կապված խնդիրներ, կլինեն քաղաքացիներ, ովքեր կպահանջեն երկրի նախագահի ու իշխող կուսակցության հրաժարականը:
Ինչ վերաբերում է կուսակցության ձախողումներին, նա ասաց, որ ճիշտ չէ խոսել մի կուսակցության ձախողումներից, որը հաջողությամբ է անցկացրել և՛ նախագահական, և՛ Երևանի քաղաքապետի ընտրությունները, բայց թերություններ, իհարկե, կան:
Ամփոփելով քաղաքական տարին՝ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ այս տարի անցկացված նախագահական ընտրություններն ապացուցեցին, որ անշրջելի է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների դարաշրջանը, քանի որ միջազգային դիտորդները այդ ընտրությունները լավագույնն էին համարել ՀՀ պատմության մեջ:
Շարմազանովը նաև առանձնացրեց այս տարի գրանցված երկու երևույթ. առաջին՝ որ թվով երկրորդ ամենամեծ կուսակցությունը և ՀԱԿ-ը ոչ միայն թեկնածուներ չառաջադրեցին նախագահական ընտրություններին, այլև դիրքորոշում, իսկ առաջինը անգամ կարծիք չհայտնեց ընտրությունների վերաբերյալ՝ «մտնելով խորը քաղաքական քնի մեջ»։
Եվ երկրորդ՝ նախագահական ընտրությունների ժողովրդի 37% քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ օգտվել այն քաղաքական կապիտալից, որ ստացել էր, քանի որ, ըստ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանության, պատրաստակամություն չունեցավ գնալ երկխոսության իշխանության հետ:
Իսկ սեպտեմբերի 3-ին հայտարարությունը, որով հռչակվեց Հայաստանի՝ դեպի Մաքսային Միություն նալու պատրաստակամությունը, ևս գնահատվեց տարվա համար կարևորագույն և Հայաստանի պետական շահերից բխող քայլ: