Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կարծում է, որ կգա բուլդոզերների ժամանակն ու կքանդվեն այն շենքերը, որոնք ցավեցնում են, սակայն այդ ժամանակն այսօր չէ, սոցիալական խնդիրներ կան, որոնք խանգարում են դրան:
Այսօր` նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեսչյանը մասնավորապես խոսեց Կիևյան փողոցի մասին` հայտարարելով, որ այն Երևանի միակ փողոցն էր, որ կառուցվել է միասնական նախագծով և ավարտուն տեսքի է հասցվել, սակայն դրանից այսօր շատ քիչ բան է մնացել, կամարները վերացվել են և այլն: Մեսչյանը խոսեց նաև Կիևյան փողոցի սկզբնամասում` աջ կողմում վեր խոյացած շինության մասին` իր զարմանքը հայտնելով, թե ինչպես կարելի է նման շինարարության թույլատվություն տալ: Մեսչյանը չի հասկանում, թե ով է այդ մարդը, ով այդքան ուժեղ է եղել, որ կարողացել է նման թույլատվություն ստանալ:
Երևանի գլխավոր ճարտարապետի խոսքերով հնարավոր չէ քանդել շենքերը, որոնք պետք է չկառուցվեին, սակայն կարելի է գոնե այսօրվանից այնպես անել, որ նման շինություններ չհայտնվեն Երևանում, թաղամաս առ թաղամաս պետք է շտկել իրավիճակը: Խոսքը մասնավորապես վերաբերում է գազի խողովակներին և այլն:
Ինչ վերաբերում է Երևանի կենտրոնին, ապա Մեսչյանը ցանկանում է հասնել նրան, որ դրան հատուկ կարգավիճակ տրվի: