Ես այն մարդկանցից չեմ և այն երևանցիներից չեմ, որ Երևանի մասին խոսում է այսպես ասած ողբերգական, որ ամեն ինչ փչացել է, մենք կորցրել ենք մեր քաղաքը, ոչ, մենք ոչ մի բան չենք կորցրել, մենք ունենք հրաշալի քաղաք, բայց ունենք պրոբլեմներ։ Եվ այդ պրոբլեմները լուծվելիք են և պետք է ժամանակ։ Այսօր՝ նոյեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նա հայտնեց, որ Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ, որովհետև այն ճարտարապետական, օրենսդրական դաշտը, որը տարածվում է Երևանի ամբողջ տարածքով, բոլոր վարչական շրջաններում վերաբերում է Երևանի կենտրոնին և մոտենալ նույն օրենքներով մի փոքր վտանգավոր է․ «Հետագայում մենք ուզում ենք կազմավորել մի ծրագիր, որը կներկայացնենք կառավարություն, և Երևանի կենտրոնը կստանա հատուկ կարգավիճակ»։
Մեսչյանը հայտարարեց նաև, որ ոչ մի հուշարձան չի քանդվելու․ «Ոչ մի հուշարձան հին Երևան ծրագրի մեջ չի քանդվելու, դա վերաբերում է և Արամի 23-ին, և բոլոր այն հուշարձաններին, որոնք գտնվում են այդ տարածքում։ Անհրաժեշտության համար պետք է փոխել նախագծային որոշակի լուծումներ, որպեսզի պահպանվեն այդ շենքերը, և ես ճարտարապետի հետ արդեն պայմանավորվել եմ։ Այնպես որ, պատմական հուշարձանների քանդման թեման, եկեք համարենք սպառված։ Մինչև ես գլխավոր ճարտարապետ եմ, Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Ճրատարապետները, որոնք նախագծեր կանեն այդ հուշարձանների մոտ, մտածողության սկզբնակետը կլինի այդ հուշարձանի գոյությունը։ Այն սեփականատերերը, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որևիցէ հուշարձան պարտավոր կլինեն ֆինանասավորել այդ հուշարձանի վերակառուցման աշխատանքները, այ սա է որ չի եղել և լինելու է անպայման»։