Այսօր` նոյեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` խոսելով, ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ավելի քան 70 միավոր զենքի մասին, հայտարարեց, որ օրենքը թույլ է տալիս քաղաքացիներին զենք ունենալ, քանակի մասով սահմանափակում չկա, ուղղակի զինատեսակները պետք է թույլատրելի լինեն օրենքով:
Օսիպյանը չի բացառում, որ հետագայում օրենսդրական նախաձեռնություն կարող է լինել, որով մեկ անձի համար զենքի քանակի սահմանափակում կլինի:
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը հայտարարել էր նաև, թե մարդ կա ջութակ է սիրում, ինքն էլ զենք է սիրում:
Օսիպյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է սիրում ինքը` զենք, թե ջութակ, ասաց, որ որպես երաժշտական գործիք` հաճելի է լսել ջութակի հնչյունները: