Հասարակություն 

Ադրբեջանում սկսվել է ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը

Ադրբեջանական Գյանջա քաղաքում մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ղազարյանին Ադրբեջանում մեղադրում են «ահաբեկչության, հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու» մեջ:

Հիշեցնենք, որ Ղազարյանի անհետացումից հետո ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նա զինծառայող չէ և չի ծառայել բանակում:

Հայտարարությամբ հանդես էր եկել նաև ոստիկանությունը, որում մասնավորապես ասված էր.

Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:

Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են։

Նույն շարքից