Հասարակություն Մշակույթ 

Դասական երաժշտության անվճար համերգներ Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար

analitik.am

ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկում է մշակութային կրթության բարելավմանը միտված «ԴասA» ծրագիրը` ավագ դպրոցների աշակերտների համար: Նախագծի շրջանակում Երևանի 35 ավագ դպրոցների 14-17 տարեկան 10-12-րդ դասարանների շուրջ 13532 աշակերտներ կայցելեն սիմֆոնիկ երաժշտության համերգների` հնարավորություն ունենալով հետագայում համերգներին հրավիրել նաև իրենց ծնողներին։

Ծրագրի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր Բյուրո ակումբում` ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի և Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի ավագ դպրոցների տնօրենները: ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով` դեռևա ամռանը, երբ քննարկվում էին դպրոցներում մշակութային կրթության զարգացման ծրագրերը, Սիմֆոնիկ նվագախմբի կողմից առաջարկություն էր ներկայացվել` դպրոցականներին հրավիրել դասական երաժշտության համերգների. «Իմ մտապատկերում այս ծրագրերը կային վաղուց, երբ դեռ իշխանության ներկայացուցիչ չէի: Դրանք միս-արյուն ստացան ամռանը, և հիմա արդեն մտնում ենք  իրագործման գործնական  փուլ: Ծրագիրը միտված է դպրոց բերել բարձր արժեքներ, մեր աշակերտներին սովորեցնել լսել դասական երաժշտություն: Դասական երաժշտությունը պետք է վերադարձնել դպրոց, պետք է աշակերտին բերել համերգասրահ»,- նշել է ԿԳ նախարարի պաշտոնակատարը և հույս հայտնել, որ սիմֆոնիկ նվագախմբի արհեստավարժ թիմի մշակած նորարական ծրագիրն իրական հետաքրքրություն կառաջացնի դպրոցականների շրջանում դասական արժեքների և բարձր արվեստի նկատմամբ: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մշակույթի նախարարի պաշտոնակատարին և Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարին` ծրագրի նախաձեռնությանն աջակցելու համար: Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ այժմ Կրթության և գիտության  նախարարությունը Մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացնում է մշակութային մեծ ծրագիր, որի շրջանակում Հայաստանի բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների աշակարտները կարող են տարվա մեջ մեկ անգամ այցելել թատրոն, թանգարան կամ համերգասրահ:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով` մշակութային քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը մշակութային հաստատությունների զարգացումն է. «Մեր հիմնական նպատակն է աջակցել աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնել մշակույթի նկատմամբ:  Սա այդ ուղղությամբ մշակված նոր  ծրագիր է, որն ուղղված է դասական երաժշտության խրախուսմանը»,- նշել է  Լիլիթ Մակունցը` հավելելով, որ Սիմֆոնիկ երաժշտության «ԴասA» ծրագիրը իրագործվում է աբոնոմենտային ծրագրին զուգահեռ և առայժմ նախատեսված է միայն Երևանի ավագ դպրոցների համար:

Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ` ծրագիրը կանցկացվի երեք փուլով: Սիմֆոնիկ նվագախմբի անդամները՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, դպրոցներում աշակերտների հետ կիրականացնեն նախապատրաստական աշխատանքներ` հատուկ մշակված ծրագրի և համապատասխան պատրաստում անցած մասնագետների միջոցով նրանց հաղորդելով  երաժշտական բազմաշերտ գիտելիքներ։ Այնուհետև աշակերտները «Արամ Խաչատրյան» համերգասրահում կունկնդրեն հատուկ իրենց համար նախատեսված համերգային ծրագրերը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, որոնք թվով 18-ն են լինելու։ Հատկանշական է, որ ծրագրում մեծամասամբ ներառված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Սա նոր մոտեցում է գեղագիտական կրթության բնագավառում, որի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ, որոնք հիմք կհանդիսանան հետագայում առավել կիրթ, առաջադեմ հասարակության ձևավորման համար։ Այժմ ՀՀ դպրոցական ծրագրում երաժշտական կրթությունը ներառվում է մինչև 7-րդ դասարան։ Հիմնականում բացակայում է գործնական շփումը դասական արվեստի հետ։ Ծրագրի «ԴասA» անվանումը խորհրդանշական է. կազմված է «դասական» բառի «դաս» արմատից, իսկ A տառով նշում են վեցերորդ նոտան՝ Լյա (լատ.՝  la), որով սովորաբար լարում են բոլոր երաժշտական գործիքները: Այս նոտան դասական երաժշտության խորհրդանիշն է»,- ներկայացնելով ծրագիրը նշել է Սերգեյ Սմբատյանը:

Հետադարձ կապի միջոցով ուսումնասիրվելու է ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը։ Մոնիթորինգն իրականացվելու է «ԴասA» բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի կլինի առաջին համերգի օրը՝ նոյեմբերի 10-ին։ Նախատեսվում է, որ համերգ այցելած  աշակերտների նվազագույնը 20%-ը հետագայում կվերադառնա համերգասրահ, որպես ունկնդիր:

 

Նույն շարքից