Այսօր` նոյեմբերի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, արձագանքելով որոշ հանրապետականների հայտարարություններին, որ պետք է նորից մտնել Ազգային ժողով, շտկել սխալները և փորձել վերափոխվել, ասաց, որ Հանրապետականը կարող է վերափոխվել. «Իսկ ինչու ոչ: Եթե խոսենք անհատների մասին, օրինակ Վիգեն Սարգսյանը, ում մասին հարցնում եք, այդ անձի կողմից ինչ թերություն եք տեսնում: Նա դրական կերպար ունի, կրթված է, բանիմաց: Եթե ծրագրով ՀՀԿ-ն նախատեսել է բարեփոխումների գնալ և բարեփոխումներ իրականացնել նաև հենց կուսակցության ներսում, ապա ինչու ոչ:
Ես կուսակցություն մտա 2012 թվականին և միայն նրա համար, որ կուսակցությունն ընտրել էր մոնոպոլիայի, կոռուպցիայի դեմ պայքարելու ճանապարհը: Ես եղել եմ իշխանության մեջ, կառավարության անդամ 1991 թվականից, բայց չեմ եղել կուսակցական: Կուսակցական դարձա այն ժամանակ, երբ արդեն Ազգային ժողովում էի: Կուսակցություն չմտա պաշտոն ունենալու համար, երևի բոլորդ էլ դրանում համոզվեցիք»,-ասաց Բաբլոյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ին ընդդիմություն համարում է արդյոք, ԱԺ խոսնակն ասաց, որ դրա մասին խոսել կարելի կլինի միայն ընտրություններից հետո, դրանց արդյունքների հիման վրա. «Դրանից հետո կորոշվի` ով կլինի ընդդիմություն, ով` իշխանություն»: