Հասարակություն Իրավական 

Ոստիկանության պարզաբանումը` ԼԳԲՏ ֆորումի վերաբերյալ

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի երեկվա ճեպազրույցին հղում անելով` այսօր որոշ լրատվամիջոցներում մեկնաբանություն է տարածվել, թե ոստիկանությունը հայտարարել է, որ չի կարողանա պահպանել ԼԳԲՏ ֆորումի խաղաղ ընթացքը, և ԼԳԲՏ համայնքի ու ֆորումի դեմ հասարակության միջև բախումներ կսկսվեն, ու իբր ոստիկանությունն այդ հայտարարությամբ ցույց է տվել իր անկարողությունը:

Հայտնում ենք, որ թե մեկնաբանությունը, թե եզրակացությունը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:

Հայաստանի ոստիկանության պետը ճեպազրույցում տառացիորեն ասել է հետևյալը. «Մենք` ոստիկանությունը, պատրաստ ենք ոչ միայն այդ միջոցառմանը, այլև առհասարակ Հայաստանում կայանալիք ցանկացած միջոցառումների, և փորձը ցույց տվեց` բոլոր միջոցառումները ոստիկանությունն իրականացրել է բարձր մակարդակի, չթվարկեմ... Միայն բանիմաց, ուժեղ, պրոֆեսիոնալ ոստիկանությամբ կարելի է հասնել նմանատիպ արդյունքների:

Նույնն էլ այս դեպքում. եթե լիներ նմանատիպ միջոցառում, ոստիկանությունը կապահովեր բոլորի անվտանգությունը, սակայն մեր գործառութային պարտականություններից կարևորը պրոֆիլակտիկան է, որը մենք իրականացնում ենք»:

Կարծում ենք` ամեն ինչ ասված է ու հավելելու կարիք չկա, ուղղակի մեկնաբանությունների ու եզրակացությունների սիրահարներին կոչ ենք անում չխեղաթյուրել փաստերն ու իրողություններն ու կեղծիքներով թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը:

Նույն շարքից