Առողջապահություն Բարի օր Հասարակություն 

Ի՞նչ է նշանակում կկանչենք կամ չենք կանչի. Բողոքի ակցիա ընդդեմ Արսեն Թորոսյանի գործաոճի

analitik.am

Այսօր Առողջապահության նախարարության շենքի առջև մի խումբ ատամնաբուժարանների ղեկավարներ և ատամնաբույժներ ակցիա էին իրականացնում։ Նրանք պահանջում էին վերանայել 2013թ. արտոնագրային վճարների մասին որոշումը: Ակցիայի մասնակիցները ներկայացրել են Առողջապահության և Ֆինանսների նախարարությունների արձագանքները և դիրքորոշումները՝ ատամնաբուժական ոլորտի առկա խնդիրների բարեփոխումների վերաբերյալ:

Նշենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում 2013 թվական հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն,  մեկ ատամնաբուժական նստատեղի համար եռամսյակային վճարի չափը 12 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ է կազմում։

Analitik.am-ի հետ զրույցում Կառուցողական ստոմատոլոգիա առողջապահական ՀԿ-ի ներկայացուցիչ, մասնագիտությամբ վիտաբույժ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանն ասաց. «2013 թվականին, երբ արտոնագրային վճարի օրենքի որոշումը հաստատվեց, այդ ժամանակվանից մենք դեմ էինք այդ հարկաչափին, մանավանդ, որ մեր կոլեգաներից մեկը նշեց, որ այս ամենով պետությունն ուզում է լիբերալիզացնել բժշկության ոլորտը: Լիբերալիզացում նշանակում է ազատականացում և անընդունելի է, երբ բժշկությանն ուղղված օրենքը լինում է ազատականացված, որովհետև դա կնպաստի ոլորտի անվերահսկելիությանը: Սա մենք քննարկել ենք մի քանի մասնագետների հետ և եկել այն եզրահանգման, որ լիբերալիզացումը բժշկության ոլորտի համար չէ, այն կարող է լինել օպտիմալիզացում: Բժշկության օրենքը պետք է լինի բարելավված, որովհետև արդյունքում մենք գործ ունենք ժողովրդի և նրանց առողջության հետ»:

Գևորգյանն,  անդրադառնալով նախարարությունների կողմից իրենց տրված պատասխաններին և դիրքորոշումներին, ասաց, որ մայիսի 14-ին Առողջապահության նախարարության դիմաց, երբ շարունակական բարձրաձայնում էին այդ հարցը, նախարար Արսեն Թորոսյանը հաջորդ օրն արձագանքեց՝ ասելով, որ այս հարցը կքննարկի ՊԵԿ-ի և առողջապահության համապատասխան մասնագետների հետ և հնարավորինս շուտ  փոփոխությունների համար կտեղեկացնի: Գևորգյանը նշեց, որ ոչ փոփոխությունները տեղի ունեցան և ոչ էլ տեղեկացրեցին իրենց. «Այդ ամենից հետո  մենք նամակներով դիմեցինք վարչապետ Փաշինյանին և Ֆինանսների նախարարությանը: Հետևելով նամակների արձագանքին՝ տեղեկացանք, որ Փաշինյանն Առողջապահության և Ֆինանսների նախարարություններին հանձնարարական է տվել, որ մեզ հրավիրեն և համատեղ հանդիպում տեղի ունենա, որպեսզի այդ հարցի շուրջ քննարկվի բարեփոխումները: Այդ հանդիպումը տեղի ունեցավ և դրանից հետո մեզ կանչեցին ՊԵԿ-ից, այնտեղ մենք ներկայացանք հիմնավոր հաշվարկներով և ապացուցեցինք տվյալ հարկաչափի ու հարկատեսակի անբարենպաստ լինելը: Իրենք ասացին, որ մինչև հունվարի 1-ը կամ մի քիչ ուշ պետք է հարկային օրենսգիրքը փոխվի և այդ թվում պետք է փոխվի նաև մեր հարկատեսակը:

Փոխվելու համար պետք է Առողջապահության և Ֆինանսների նախարարությունների միջև տեղի ունենա համագործակցություն, հետևաբար դրանից հետո եկանք Առողջապահության նախարարություն և նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին ասացինք, որ ցանկանում ենք մի մոդել պատրաստել, որ երբ բարեփոխումների ժամանակը գա, այդ մոդելը ներկայացնենք կառավարությանը: Նա վերջում ասաց, որ մենք ձեզ լսեցինք ու խնդիրն իմացանք, նշեց նաև, որ կամ մեզ կկանչեն, կամ չեն կանչի: Այստեղ մեր կողմից դժգոհություն առաջացավ՝ ի՞նչ է նշանակում կկանչենք կամ չենք կանչի, մենք շահագրգիռ կողմ ենք հանդես գալիս՝ ներկայացնելով Առողջապահական ՀԿ, որն ունի իր կարծիքն ու առաջարկը»:

Նա նշեց, որ չեն ցանկանում նույն պրակտիկան ու մեթոդը լինի, որը 5-6 տարի առաջ էր. «Նստեցին 5-10 հոգով որոշեցին և դրա հաջորդ օրը 9000 հոգի դուրս եկավ բողոքի: Թող գան համընդհանուր հանրային քննարկում անցկացնենք, որ միանգամից ոսկե միջին ընդունվի և բոլոր կողմերի համար էլ լավ լինի: Այսօրվա մեր խնդրանքն այն էր  պարոն Փաշինյանին, որ հետևողական լինի, որ բոլոր շահագրգիռ կողմերը պարտադիր մասնակցեն այդ քննարկումներին, որովհետև օրենսգիրքը փոխելու ժամանակն է մոտենում, և մենք պետք է ձեռքի տակ ունենանք պատրաստի մոդելներ և դրա համար այսօրվանից համագործակցություն է անհրաժեշտ»:

Գևորգյանը նաև  ավելացրեց, որ ակցիայի ընթացքում ոչ մի նախարար իրենց չի մոտեցել. « Մենք այսօր չէինք ակնկալում, որ պետք է որևէ պաշտոնյայի հետ հանդիպում ունենայինք, եթե մոտենային դա խնդիր չէր, բայց ոչ մի արձագանք, ինչն էլ շատ զարմանալի էր»,- ասաց նա:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից