Այսօր` նոյեմբերի 8-ին, կառավարությունը մերժեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր իրավակարգավորում, որի համաձայն վարչապետին սպասարկող հատուկ սարքավորումներով ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու համար այլ պաշտոնյաները պետք է ստանան ոչ թե վարչապետի, այլ կառավարության համաձայնությունը:
Բացի դրանից, Աշոտյանն առաջարկում էր որոշակի տեղեկություններ հրապարակել այն մասին, թե ովքեր են օգտվում վերոնշյալ ինքնաթիռից և ուղղաթիռից, ինչ նպատակով և որքան գումար է տրամադրվում:
Կառավարությունը նպատակահարմար չի գտնում նախագծի ընդունումը` պատճառաբանելով, որ այն խնդիրներ է առաջացնում պետական անվտանգության տեսակետից: Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ ճիշտ կլինի, եթե օրենքը փոփոխության չենթարկվի:
Իր հերթին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր զարմանքը հայտնեց այն մասով, որ Աշոտյանը միայն հիմա է այդ մասին մտածում, այնինչ դա կարող էր անել ավելի շուտ: