Հայաստան Քաղաքականություն 

ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով

analitik.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին: «Դաշինքում այլ կուսակցություններ չեն լինելու: Կարող են լինել մարդիկ տարբեր կուսակցություններից, որ կընդգրկվեն ցուցակում, բայց այլ կուսակցություն չի լինելու»,-ասել է Աղազարյանը:

Հարցին՝ դաշինքի ցուցակում անակնկալներ լինելո՞ւ են, պատգամավորը պատասխանել է. «Հետաքրքիր լուծումների ականատես կլինեք, բայց սենսացիոն որևէ բան չի լինի»:

Հովիկ Աղազարյանն անդրադարձել է նաև մամուլում շրջանառվող լուրերին, թե ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ՔՊ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին: Աղազարյանն ընդգծել է, որ նախընտրական ցուցակների շուրջ քննարկումները դեռ չեն ավարտել:

«Մենք երեկ երկար քննարկում ենք ունեցել, քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց ես չեմ լսել, որ նման բան կա: Երեկվա քննարկումներին ՀՀԿ-ական պատգամավորներից ոչ մեկի մասին խոսք չգնաց: Խոսք է գնացել ազգային փոքրամասնությունների մասին, ովքեր ներառված են լինելու մեր ցուցակում»,-ասել է նա:

Նույն շարքից