Քաղաքականություն 

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվն ավելացել է

analitik.am

Միացյալ Նահանգներում անցած միջանկյալ ընտրություններին Դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է մեծամասնություն ստանալ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում: Դեմոկրատները խոստանում են օգտագործել հաղթանակը հանուն երկրում միասնության ամրապնդման:

«Դեմոկրատական Կոնգրեսն աշխատելու է լուծումներ գտնել, որոնք մեզ մոտեցնում են, քանի որ մենք հոգնել ենք պառակտումներից»,-հայտարարել է Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսին, ով հավանաբար կդառնա ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը:

Հանրապետականներին սակայն հաջողվել է ամրապնդել իրենց դիրքերը Սենատում՝ վերադարձնելով Հյուսիսային Դաքոթա, Միսիուրի եւ Ինդիանա նահանգները:

«Մենք պահպանողականներ ենք, որոնց առաջնորդում է նախագահ Թրամփը»,-հայտարարել է Ինդիանայում հաղթանակած հանրապետական սենատոր Մայք Բրաունը:

Միջանկյալ ընտրություններն անցան ԱՄՆ-ի համար բավականին կարեւոր ժամանակահատվածում: Մի կողմից նախագահ Դոնալդ Թրամփը փորձում էր վերահաստատել իր քաղաքականության աջակցությունն ընտրողների կողմից, մյուս կողմից Դեմոկրատական կուսակցությունը փորձում էր հնարավորին չափով թուլացնել Դոնալդ Թրամփի դիրքերը՝ վերջ դնելով Կոնգրեսում հանրապետականների մեծամասնությանը:

Անցած ընտրությունները հատկանշական էին նաեւ ամերիկահայ թեկնածուների համար: Միացյալ Նահանգների նահանգային եւ դաշնային օրենսդիր մարմիններում մասնակցում էր երկու տասնյակից ավելի հայազգի թեկնածու:

Ընտրությունների արդյունքում Կոնգրեսում ներկայացված ամերիկահայերի թիվն ավելացել է մեկով: Մասնավորապես, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում իրենց դիրքերն են պահպանել Ջեքի Սփիրն՝ ԱՄՆ-ի առավել ազատական քաղաքից՝ Սան Ֆրանցիսկոյից եւ Աննա Էշուն՝ աշխարհի ամենաառաջադեմ աշխարհագրական վայրից՝ Սիլիկոնի հովտից: Երկուսն էլ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են: Մեկ այլ հայազգի դեմոկրատ, իսկ այժմ արդեն՝ ամերիկահայ կոնգրեսական Էնթոնի Բրինդիսին հաղթանակ է տարել Վերին Նյու Յորքում՝ տարածք, որտեղ համաձուլվում է բնակիչների պահպանողական ու դեմոկրատական հայացքները:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Բրինդիսին նշել է, որ պատրաստ է աշխատել հայ-ամերիկյան օրակարգի հարցերն առաջ տանելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ. «Քանի որ հայկական արմատներ ունեմ, ակնկալում եմ Վաշինգտոնում բարձրացնել նաեւ հայ ժողովրդի ձայնը»:

amerikayidzayn.com

Նույն շարքից