Հասարակություն 

1.800.000 դրամ արժողությամբ հողատարածքը 4 տարվա ընթացքում դարձավ ընդամենը 24.000 դրամ

analitik.am

Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն Փաշինյան Ես լինելով հեղափոխության ակտիվ, անմիջական մասնակից, հույս ունեի, որ հետայսու մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և երկրում լինելու է արդարադատություն: Ցավում եմ, որ ես անարդարության զոհ եմ դարձել և թոշակառու լինելով կորցրել իմ խնայողությունները՝ անարդարության պատճառով:

Ես թիվ ԱՐԴ1/0654/02/14 քաղաքացիական գործով հայցվոր կողմ եմ, ով տարիներ առաջ իր ապրուստից կատարած խնայողությունների հաշվին տնտեսած գումարը պարտքով տվեց սոցիալական դժվարին պայմաններում հայտնված սույն գործով պատասխանող՝ Հրաչյա Նահապետյանին և մինչ օրս չի կարողանում ետ ստանալ իրեն հասանելիք գումարը: Ես պատասխանողին փոխանցել եմ 1 միլիոն 25 հազար դրամ՝ նոտարով հաստատված կարգով: Չկարողանալով ետ ստանալ գումարս, 2014 թվականին դիմեցի դատարան: Գործընթացի արդյունքում փաստաթղթային առումով կարծես թե կարողացա վերականգնել սոցիալական արդարությունը. ունեմ իմ օգտին վճիռ:

Երկարատև դատական պրոցեսից հետո, պարզվեց, որ պատասխանողն իր անունով գրանցված ունի ընդամենը մեկ տնամերձ հողակտոր՝ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում: 2014 թվականին գույքը հանվեց հարկադիր աճուրդի: Ողջ ընթացքում բազմիցս հետաքրքրվել եմ հարկադիր կատարողից գործընթացի ընթացքի մասին, սակայն պատասխանը միշտ եղել է նույնը, որ դեռ գնորդ չկա:

Սույն թվականի հոկտեմբերին հարկադիր կատարողից տեղեկացա, թե աճուրդի դրված հողակտորը վաճառվել է ոչ ավել, ոչ պակաս 24.000 դրամով: Հարկադիր կատարողը պնդում է, որ աճուրդի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա ես կարող էի ստանալ ինչ-որ կայքից:

Ես լինելով թոշակառու, չեմ տիրապետում ինտերնետային համապատասխան գիտելիքների, հետևաբար նմանօրինակ ճանապարհով ես չէի կարող տեղեկացված լինել այդ ընթացքից: Ինչի արդյունքում ես կանգնել եմ փաստի առջև:

Ես կորցրել եմ իմ տարիների խնայողությունները և չեմ կարողանում ոչ մի ճանապարհով դրանք ետ ստանալ: Վերոգրյալ ամեն ինչի մասին ես կարող եմ ներակայցնել համապատասխան թղթաբանությունը:

Մեծարգո պարոն Փաշինյան, հայցում եմ Ձեր օգնությունը, որպեսզի Ձեր անմիջական կարգադրությամբ` վերանայվի իմ խնդիրը: Հասկանանք թե ինչպե՞ս է ԴԱՀԿ-ն ընդամենը 4 տարիների ընթացքում այդքան նվազեցրել հողակտորի աճուրդի գինը և ինչո՞ւ ես, որպես հայցվոր, տուժված կողմ՝ ով ունի իր օգտին վճիռ չեմ տեղեկացվել աճուրդի հանգուցալուծման վերաբերյալ զանգի, կամ նամակի միջոցով:

Հարգանքներով՝ թոշակառու Լուսաբեր Շերբեչյան

Նույն շարքից