Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա

Հունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա։

 

Հավանայում Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը:

 

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը նշել է, որ Կուբայում ամենայն ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և վստահություն հայտնել, որ առավել, քան տասը տարվա ընդմիջումից հետո առաջին բարձրաստիճան այցելությունը նոր թափ կհաղորդի ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ իր այցելությունը միտված է ամրապնդելու Կուբայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ։

 

Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Կուբայի կառավարության կողմից երկրի տնտեսության արդիականացման նպատակով նախատեսվող բարեփոխումները։ Նա ընդգծել է, որ Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և հնարավոր այլ ուղղություններով։

 

Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկել են առևտրատնտեսական, առողջապահությանս, գիտակրթական և մշակութային բնագավառներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը։

 

Նույն օրը տեղի է ունեցել Հայաստանի և Կուբայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Բրունո Ռորդիգես Պարիյայի բանակցությունները։

 

Ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Կուբայի արտգործնախարարը խնդրել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ողջույններն ու բարեմաղթանքները։

 

Նախարար Ռոդրիգեսը նշել է, որ իր երկրում բարձր են գնահատում երկրում մի քանի տասնամյակ աշխատած հայ մասնագետների ներդրումը, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել Կուբայի զարգացման գործում։

 

Հանդիպման ընթացքում նախարարները վերահաստատել են իրենց երկրների շահագրգռվածությունը` հիմնվելով պատմականորեն ձևավորված փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա՝ գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների ամրապնդման, խորացման և ընդլայնման նպատակով։

 

Հայաստանի և Կուբայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, գիտակրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերը:

 

Տուրիզմի խթանման նպատակով զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանի քաղաքացիների համար Կուբա մուտքի դյուրացումը։

 

Կուբայի արտգործնախարարը ներկայացրել է լատինամերիկյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և դրանցում իր երկրի դերակատարությունն ու մոտեցումները։

 

Իր հերթին նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանին և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ։

 

Հայաստանի արտգործնախարարը Կուբացի գործընկերոջը հրավիրել է այցելել Երևան։

 

Նախարարական հանդիպումից հետո Կուբայի արտգործնախարարը պաշտոնական ընդունելություն է տվել Հայաստանի ԱԳ նախարարի պատվին, որին ներկա են եղել Կուբայի ԱԳՆ ղեկավարությունը, Հավանայում հավատարմագրված շուրջ հինգ տասնյակ դեսպաններ։

 

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Կուբայի խորհրդարանի փոխնախագահ Աննա Մարիա Մարի Մաչադոյի հետ։

 

Կուբայի խորհրդարանի ղեկավարի տեղակալը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Կուբայի օրենսդիր մարմինը ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում։

 

Այդ համատեքստում շեշտվել է երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-կուբական բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը զրուցակիցների համոզմամբ լրջորեն կխթանի համագործակցության ընդլայնումը։

 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կուբայի արտաքին առևտրի և ներդրումների նախարար Ռոդրիգո Մալմիերկա Դիազի հետ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

 

Նախարար Մալբիեկան՝ ընդգծելով կուբական կողմի շահագրգռվածությունը խորացնել Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը, մանրամասն տեղեկություններ է հաղորդել Կուբայում ծրագրվող տնտեսական բարեփոխումների և ընձեռվող հնարավորությունների վերաբերյալ։ Այս համատեքստում արծարծվել է երկու երկրների Առևտրի պալատների միջև փոխգործակցության հաստատման հնարավորությունը։

 

Կուբայի արտաքին առևտրի նախարարը հրավիրել է Հայաստանին մասնակցելու այս տարվա աշնանը կայանալիք Հավանայի ամենամյա միջազգային ցուցահանդեսին՝ պատրաստակամություն հայտնելով անվարձահատույց տարածք տրամադրել հայկական տաղավարի համար։

 

Նախարարները կարևորել են տնտեսական շրջանակային համաձայնագրերի նախախապատրաստումը՝ որպես այդ բնագավառում փոխգործակցության խթանման կարևոր քայլ։

 

Հավանյում Էդվարդ Նալբանդյանը այցելել է Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի գիտահետազոտական կենտրոն, ուր հանդիպում է ունեցել կենտրոնի ղեկավարության և գիտաշխատողների հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

 

Զրույցի ընթացքում արծարծվել են Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի կենտրոնի և Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի համապատասխան կառույցների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

Նույն շարքից