Իրավական Հասարակություն 

ՍԴ-ն համաձայնել է ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման ժամկետների վերաբերյալ ՀՀ նախագահի հարցադրումների հետ

analitik.am

Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, 2018 թվականի հունիսի 6-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների՝ Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ու ընտրության կարգավորումը նախատեսող որոշ հոդվածների` Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Թեև 1995 թվականից ի վեր Հանրապետության նախագահն օժտված է եղել oրենքի սահմանադրականության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու լիազորությամբ, սակայն գործնականում այս լիազորությունն առաջին անգամ իրացվեց հունիսի 6-ին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից՝ դրանով իսկ ներմուծելով որակապես նոր իրավական մշակույթ:

Սահմանադրական դատարանը 2018 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1434 որոշմամբ վերոնշյալ օրենքների` Հանրապետության նախագահի ներկայացված դիմումում նշված դրույթները ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող նորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել է 2019 թվականի ապրիլի 1-ը՝ Ազգային ժողովին հնարավորություն տալով սահմանադրական օրենքների խնդրահարույց իրավակարգավորումները համապատասխանեցնելու Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ժամկետների խնդրին` Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ արտահայտած դիրքորոշմամբ համաձայնել է Հանրապետության նախագահի հիմնական հարցադրումների հետ՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելիս օրենսդրի կողմից պետք է ամրագրվի թեկնածուների առաջադրման ողջամիտ ժամկետ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:

Նույն շարքից