Քաղաքականություն 

Ոչ ոք իրավունք չունի խառնվելու համայնքերի ներքին գործերին. Մխիթար Հայրապետյան

analitik.am

Նոյեմբերի 9-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց գործարար, ազգային բարերար Ալէքքօ Պէզիքեանին: Նա ծնունդով Լիբանանից է, այնտեղ զբաղվել է ազգային-հասարակական ակտիվ գործունեությամբ՝ երկար տարիներ աշխատելով Հայ դատի գրասենյակում: Մեծանուն սփյուռքահայն արդեն 36 տարի ապրում ու աշխատում է Իտալիայում:

«Տեսա, որ Լիբանանում լավ այցելություններ եք ունեցել»,-դիմելով Մխիթար Հայրապետյանին՝ նշեց հյուրն ու հավելեց, որ Պէզիքեան ընտանիքը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ տասնամյակների բարեկամություն ունի:

Խոսելով հայաստանյան ծրագրերի մասին՝ Ալէքքօ Պէզիքեանը հատկապես առանձնացրեց 2015 թվականին իր և իր տիկնոջ բարերարությամբ Երևանում բացված «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնը: Կենտրոնում բնակվում են մարզերից մայրաքաղաքում կրթություն ստացող, սակայն սոցիալական պայմաններից ելնելով բնակարան վարձակալելու խնդիր ունեցող ուսանողուհիները, և թիրախային խմբում են առաջին հերթին մանկատան սաները: «Միակ պայմանը բարձր առաջադիմությունն է: Այսօր փոխվել են երիտասարդ սերնդի մոտեցումները: Կա կրթության արժեքի ընկալումը»,-նշեց բարերարը: Նրա ընտանիքի հովանավորությամբ այսօր բուժում են ստանում նաև քաղցկեղով հիվանդ բազմաթիվ մարդիկ, և բարեգործական ծրագրեր են իրականացվում ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սփյուռքի խնդիրներին, համահայկական հայեցակարգերի անհրաժեշտությանը: «Հիմա Հայաստանի Հանրապետությունը ևս պիտի դերակատարություն ստանձնի աշխատելու սփյուռքյան այն կառույցների հետ, որոնք պետականության շահն են առաջ տանում: Հայաստանը՝ որպես կապող կամուրջ, շատ թույլ է եղել նախկինում: Ոչ ոք իրավունք չունի խառնվելու համայնքերի ներքին գործերին, սակայն պիտի մշակվեն մի քանի հայեցակարգեր, որոնց շուրջ պիտի լինի համահայկական-համազգային կոնսենսուս: Շատ հաճախ անձնական տարաձայնությունները պիտի ստորադասվեն»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

«Ես պիտի աշխատեմ, որովհետև մարդիկ կան, որ նեցուկ ունենալու կարիք ունեն»,-հանդիպման ավարտին հավելեց Ալէքքօ  Պէզիքեանը:

 

 

Նույն շարքից