ՅՈՒԿՈՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին կարճատև այց է կատարել Իսրայել, որտեղ հանդիպել է իր նախկին գործընկերներին, այս մասին հայտնում է Correspondent.net-ը:
Խոդորկովսկու շրջապատում նշում են, որ այցը մասնավոր բնույթ է կրել, դրա մանրամասները չեն հրապարակվում:
Գործընկերներից Լեոնիդ Նևզլինը ասել է, որ դա ընկերական հավաք է եղել, ոչ մի բիզնես հարց չի քննարկվել, այդ թվում` ՅՈՒԿՈՍ-ի նախկին բաժնետերերի հայցը ընդդեմ Ռուսաստանի:
Հայտնի է, որ հանդիպումը կայացել է Հերցլիա քաղաքում` Նևզլինի տանը: Այնտեղ է եղել նաև ՅՈՒԿՈՍ-ի թոփ մենեջերներից Վասիլի Շախնովսկին:
ՅՈՒԿՈՍ-ի նախկին բաժնետերերը Ռուսաստանի դեմ 100 մլրդ դոլարի պահանջով հայց են ներկայացրել, որը պետք է Հաագայում լսվի 2014-ի կեսին:
Խոդորկովսկին դեկտեմբերի 19-ին 10-ամյա ազատազրկումից հետո ազատ արձակվելով` հայտարարել էր, որ մտադիր չէ պայքարել ՅՈՒԿՈՍ-ի ակտիվները վերադարձնելու համար: