Ավստրիայում պահեստազորի գնդապետը, ում մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ, հավաքագրվել է Իրանում: Այս մասին հայտնում է Kronen Zeitung-ը:
Պարբերականի տեղեկություններով, գնդապետի և Մոսկվայի միջև առաջին շփումը եղել է դեռ 1988 թվականին: Զինվորականը Մոսկվային տեղեկություններ է հայտնել 20 տարի` դրա դիմաց ստանալով 300 հազար եվրո: Հայտնվում է, որ ռուսական կողմին ամենաշատը տեղեկություններ են անհրաժեշտ եղել Eurofighter Typhoon կործանիչի մասին:
Ավելի վաղ Kronen Zeitung-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ ձերբակալվել է Ավստրիայի Զինված ուժերի գնդապետ, ով կասկածվում է 20 տարի Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ:
Պարբերականի տեղեկություններով, գնդապետն ինֆորմացիա է հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանիի, միգրացիոն ճգնաժամի մասին: Վերջինիս գործունեության շրջանակներում են եղել նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ: