Հասարակություն 

Արդարադատության նախարարության հայտարարությունը՝ դատավորների կենսաթոշակի նվազեցման հարցի վերաբերյալ

analitik.am

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին« օրենքի նախագիծը, որին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արդեն իսկ անդրադարձել են՝ նշելով, որ այսպիսով դատավորների կենսաթոշակն իջեցվում է: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am–ում, գործընկեր նախարարության կողմից զետեղված նախագիծն  Արդարադատության նախարարությունը դեռևս չի ստացել:

Այդուհանդերձ, Արդարադատության նախարարությունն ընդգծում է, որ պաշտոնաթող դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային և, առաջին հերթին՝ արդարադատության շահերի պաշտպանության միջոց, նրանց անկախության սոցիալական երաշխիք: Այս մոտեցումն ընկած է 1998 թվականին ընդունված՝ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.4-րդ կետում, որի համաձայն՝ «Կարգավիճակը, մասնավորապես, դատավորներին ապահովում է ... ծերության թոշակով, որի չափը պետք է հնարավորինս մոտ լինի դատական համակարգում ստացած նրա վերջին աշխատավարձին»: Նշված պահանջին համահունչ է նաև ՀՀ դատական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Դատավորի (…) կենսաթոշակի չափը չի կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար»:

 

Նույն շարքից