Թբիլիսին հուսով է, որ Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովից հետո եվրոպացի գործընկերները կաջակցեն Վրաստանի և ԵՄ-ի մերձեցմանը՝ կանխելով նոր բարդությունների առաջացումը Մոսկվայի հետ հարաբերություններում, գրում է Взгляд-ը՝ «Известия»-ին հղումով։
Թբիլիսիի կարծիքով՝ այդ հարցում կարևոր դեր կխաղա Գերմանիան։ Խաղադրույքը Բեռլինի սերտ կապերն են Մոսկվայի հետ, և նաև այն, որ 2013թ.-ի դեկտեմբերին Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնին վերադարձավ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, որն արդեն իրեն դրսևորել է «կովկասյան ուղղությամբ»։
«Շտայնմայերը յուրօրինակ փորձ ունի Վրաստանի հարցով։ Նա հրաշալի գիտի մեր տարածաշրջանի իրավիճակը։ Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնում (2005-2009թթ) նա խաղաղ նախաձեռնություններ էր պատրաստում հակամարտությունների կարգավորման համար։ Ցավոք, 2008թ.-ի պատերազմը թույլ չտվեց դրանք իրականացնել, սակայն այժմ նրա վերադարձը մենք պետք է արդյունավետ օգտագործենք՝ փորձելով վերակենդանացնել նրա մի շարք առաջարկներ»,-ասել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեիշվիլին։
Պարբերականը հիշեցնում է, որ 2008թ.-ի պատերազմից առաջ գերմանացի գործիչը վրացական և աբխազական կողմերին, ինչպես նաև ՌԴ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևին կարգավորման իր նախագիծն էր առաջարկել։