Հասարակություն 

Մեկնարկել է կենսաթոշակառուներին համերգասրահների ու թատրոնների անվճար տոմսերի տրամադրման ծրագիրը

analitik.am

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ու Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոյեմբերի 9-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: Այս նախաձեռնության շնորհիվ հանրապետության կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելել Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող համերգասրահներ ու թատրոններ։

Ծրագիրը մշակվել է երկու գերատեսչությունների փոխգործակցության  արդյունքում` նպատակ ունենալով կենսաթոշակառուներին տալ որոշակի արտոնություններ և հնարավորություններ: Երկուստեք կարևորելով ավագ գործընկերների փորձառության, գիտելիքի և ներուժի կենտրոնացումն ու օգտագործումը պետության զարգացման համար՝ գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ մշակութային ծրագրերը ևս մեկ առիթ են տարեցների համար շփվելու, հասարակության լիարժեք անդամ լինելու համար:

«Այս ծրագիրն իրականացնելու արդյունքում իրապես մենք կկարողանանք փոփոխություն բերել մեր ավագ ընկերների կյանքում, մեր հնարավորությունների սահմանում փորձել ենք իրենց կյանքը  փոքր ինչ հետաքրքիր դարձնել: Սոցիալական խնդիրները բազմաշերտ են և տարբեր գերատեսչությունների փոխգործակցությունը միայն կարող է իսկապես այդ խնդիրները լուծել և արդյունքներ տալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է ներառականությունը՝ չանտեսել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական խնդիրների պատճառով դուրս են մնում հասարակության հետ շփումներից: Մշակութային ծրագրերը  հասարակության մեջ ստեղծում են համերաշխության մթնոլորտ ու միջավայր, որտեղ շփումները կախված չեն սոցիալական կարգավիճակից»,- ընդգծել է Մանե Թանդիլյանը:

Մշակույթի նախարարի պաշտոնակատր Լիլիթ Մակունցն էլ իր հերթին նշել է, որ պետության կողմից աջակցություն ունեցող միջոցառումներին տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս առնվազն 2 հազար թոշակառու կկարողանա այցելել։

Համագործակցության արդյունքում ստորագրված հուշագրի համաձայն կենսաթոշակառուները մշակութային միջոցառումների մասին նախապես՝ առնվազն 3 օր առաջ կտեղեկացվեն հեռախոսազանգի կամ այլ հասանելի միջոցով: Մասնակցությունը հաստատած կենսաթոշակառուներին՝ իրենց բնակության վայրի հասցեում   սոցիալական ապահովության տարածքային բաժինների սոցիալական աշխատողների կողմից կտրամադրվեն տոմսերը:

Մշակութային կազմակերպություններ այցելող կենսաթոշակառուները պետք է ներկայանան կենսաթոշակի վկայագրով:

Նույն շարքից