Ինչպես է ստացվում, որ համայնքներում տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակն ունեն: Նայում ես մի տանը կա մեկ տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ կա մի տղամարդ երկու հասուն երեխա, նրանք ապրում են նույն համայնքում, բայց մեկն ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակն ուղղակի խղճահարություն է առաջացնում: Ուղիղ մեկ տարի առաջ իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարեց այն ժամանակ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, թե մարդկանց պետք է կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել. «Արդեն բավական է, պետությունն իր վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ, եթե ուզում է լավ ապրի, պետք է աշխատի, եթե պատրաստ չէ դրան, վատ է ապրելու, նախանձելու է ուրիշին…Սա իհարկե մեր խնդիրն էլ է, բայց առաջին հերթին ձեր խնդիրն է»:
Եթե նմանություն չգտաք այլ քաղաքական գործչի հայտարարության ու այս հայտարարության միջև, օգնենք գտնել:
Երեկ նույն բովանդակությամբ ու գրեթե նույն խոսքերով Ղազախստանում նույն թեմայի մասին խոսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչի վերաբերյալ Analitik.am-ի նյութը ներկայացնում ենք ստորև.
«Մարդիկ պետք է հասկանան, որ միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որոնք մենք այսօր ունենք տնտեսության մեջ»: Ղազախստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հավելելով՝ եթե մենք շարունակենք մնալ այն տրամաբանության մեջ, որ տանը պետք է նստել ու սպասել, թե ինչ կանի կառավարությունը, ոչ մի զարգացում չի լինի:
Փաշինյանի խոսքերով, այսօր Հայաստանում աղքատությունը շատ լուրջ խնդիր է, դրա հաղթահարումն առաջին հերթին կառավարության պատասախանատվությունն է, սակայն արդյոք կառավարությունը կարող է հաղթահարել մի ընտանիքի աղքատություն, որի անդամները որևէ բան չեն անում դրա համար. «Մենք պետք է մարդկանց քաջալերենք, ասենք՝ վեր կացեք և աշխատեք, որովհետև աշխատանքն ամենակարևոր բանն է: Այսօր որ գնում ենք մարզեր, մարդիկ հին իներցիայով ասում են՝ աշխատանք լինի, աշխատենք: Հետո մի քիչ հարցուփորձ ենք անում, իմանում ենք, որ 50 մետր այն կողմ աշխատանք կա»:
Վարչապետի պաշտոնակատարի պնդմամբ, մարդիկ չեն աշխատում աղքատություն նպաստ ստանալու համար, որից կզրկվեն եթե աշխատեն. «Նպաստն էլ 25 հազար դրամ է: Մարդիկ իրենց կովերին մորթում են, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան: Հայաստանում հասել ենք մի իրավիճակի, որ 350 հազար մարդ աշխատում է և նրանց աշխատանքի արդյունքը բաժանվում է 800 հազար մարդու մեջ: Այդ 800 հազարը պահանջում է թոշակ բարձրացնել, նպաստ բարձրացնել, ճանապարհներ սարքել: Որևէ մեկը չի ասում, որ 350 հազար մարդ ճռռում է, իսկ 800 հազար մարդ պահանջում է, որ ավելի շատ ճռռան»:
Փաշինյանը նշել է, որ մարդիկ պետք է սկսեն աշխատել, այդ 800 հազարը պետք է մտածեն աշխատելու մասին: