Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը գիրք է գրել՝ պատմելով նաև լեգենդար երգիչ Ֆրեդի Մերկուրիի կյանքի վերջին օրերի մասին:
Էլթոն Ջոնը պատմում է, որ Ֆրեդիի հիվանդության մասին իմացել է 1987 թվականին. «Ես կոտրված էի, սակայն միևնույն ժամանակ հիանում էի նրանով, նրա քաջությամբ: Նա գիտեր, որ իրեն դաժան մահ է սպասվում, որ պետք է տանջվի, սակայն նա քաջ էր, ձևացնում էր, թե որևէ խնդիր չկա, շարունակում էր երգել, ուրախացնել մարդկանց, լինել շատ առատաձեռն, ինչպիսին միշտ եղել է:
Կյանքի վերջին օրերին նրա վիճակը շատ էր վատացել, Ֆրեդին նույնիսկ չէր կարողանում կանգնել, շատ թույլ էր զգում իրեն»,-գրել է Էլթոն Ջոնը:
Բրիտանացին նաև գրել է այն մասին, թե ինչպես է Ֆրեդիի մահվանից մեկ ամիս անց նվեր ստացել նրանից. «Նա ինձ նվիրեց իմ սիրած նկարչի աշխատանքներից մեկը: 44 տարեկան էի, բայց երեխայի նման արտասվում էի: Նա հիանալի մարդ էր, նույնիսկ կյանքի վերջին օրերին մտածում էր մյուսների մասին»: